Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Հնդկաստանի միջև առևտրային խոչընդոտների վերացման շուրջ բանակցությունները շարունակվում են:
ԱՄՆ նախագահը նաև լավատեսություն է հայտնել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ սպասվող զրույցի կապակցությամբ:
«Ուրախ եմ տեղեկացնել, որ Հնդկաստանն ու ԱՄՆ-ն շարունակում են բանակցությունները մեր երկրների միջև առևտրային խոչընդոտների վերացման ուղղությամբ։ Անհամբեր սպասում եմ առաջիկա շաբաթների ընթացքում իմ լավ ընկերոջ՝ վարչապետ Մոդիի հետ զրույցին: Վստահ եմ, որ մեր երկու մեծ երկրների համար մենք հեշտությամբ կհասնենք հաջող հանգուցալուծման», - գրել է Դոնալդ Թրամփը Truth Social-ում։
Սրան կարճ ժամանակ անց հաջորդել է Հնդկաստանի վարչապետ Մոդիի գրառումը, այս անգամ՝ արդեն X-ի իր էջում։
Հնդկաստանի վարչապետը վստահություն է հայտնել, որ ընթացիկ առևտրային բանակցությունները կբացահայտեն երկկողմ համագործակցության հսկայական ներուժը:
«Հնդկաստանը և ԱՄՆ-ն մտերիմ ընկերներ և բնական գործընկերներ են։ Համոզված եմ, որ մեր առևտրային բանակցությունները ճանապարհ կհարթեն Հնդկաստանի և ԱՄՆ-ի միջև գործընկերության անսահման ներուժի բացահայտման համար: Մեր թիմերն աշխատում են հնարավորինս սեղմ ժամկետում այդ քննարկումներն ավարտին հասցնելու ուղղությամբ: Ես նույնպես անհամբեր սպասում եմ նախագահ Թրամփի հետ զրույցին։ Մենք միասին կաշխատենք, որպեսզի մեր ժողովուրդների համար ավելի պայծառ ու բարեկեցիկ ապագա ապահովենք», - հայտարարել է Մոդին։