«Գլոբալ Սումուդ Ֆլոտիլիա» Global Sumud Flotilla մարդասիրական նավախմբի կազմակերպիչները, ոորոնց թվում է ակտիվիստ Գրետա Թունբերգը, հայտարարել են, որ հարձակման են ենթարկվել անօդաչու թռչող սարքի կողմից։
Նրանք նպատակ ունեն ճեղքել Իսրայելի կողմից Գազայի հատվածի ծովային շրջափակումը։ Նավախումբը ներկայում բաղկացած է 21 փոքր նավերից, իսկ կազմակերպիչները կոչ են անում բոլոր ցանկացողներին միանալ նախաձեռնությանը իրենց նավերով։
Միջադեպը տեղի է ունեցել Թունիսի ջրերում, Սիդի Բու Սաիդ նավահանգստի մոտ։ Նավախմբի ղեկավարության տվյալներով՝ նավի վրա հարվածել է ԱԹՍ, ինչի հետևանքով բռնկված հրդեհը վնասել է տախտակամածը։ Այնուամենայնիվ, անձնակազմին հաջողվել է կանխել ավելի մեծ վնասները։ Ըստ GSF-ի՝ նավի վեց ուղևորներն ու անձնակազմի անդամները չեն տուժել։
Թունիսի իշխանությունները, սակայն, հերքել են անօդաչու թռչող սարքի կիրառման մասին տեղեկությունները։ Նրանց փոխանցմամբ՝ նախնական հետաքննությունը ցույց է տվել, որ պայթյունը տեղի է ունեցել նավի ներսում։ Թունիսի ազգային գվարդիայի ներկայացուցիչը AFP գործակալությանը ասել է. «Ոչ մի անօդաչու թռչող սարք չի հայտնաբերվել»։ Նա նաև հավելել է, որ հետաքննությունը շարունակվում է։