Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հանդես է եկել հայտարարությամբ, որում կոչ է արել ստեղծել նոր մեխանիզմ Ուկրաինայի պաշտպանության ֆինանսավորման համար՝ օգտագործելով Եվրոպայում սառեցված ռուսական ակտիվների եկամուտները։
«Սա Ռուսաստանի պատերազմն է, և վճարողը պետք է լինի հենց Ռուսաստանը։ Այդ պատճառով անհրաժեշտ է շտապ մշակել լուծում, որը թույլ կտա Ուկրաինայի պաշտպանությունը ֆինանսավորել սառեցված ռուսական ակտիվների հիման վրա»,- ասել է Ֆոն դեր Լայենը։
Նրա խոսքով՝ նախատեսվող նոր վարկային գործիքը կվերադարձվի միայն այն ժամանակ, երբ Ռուսաստանը կատարի իր պատերազմական փոխհատուցումների վճարումները։ Մանրամասներ ապագա մեխանիզմի կառուցվածքի մասին նա չի հայտնել։
Նշենք, որ G7 երկրները արդեն համաձայնեցրել են 50 միլիարդ դոլարի աջակցություն Ուկրաինային, որը պետք է վճարվի սառեցված ռուսական մոտ 300 միլիարդ դոլար ակտիվների եկամուտներից։