Իսրայելի բանակը և «Շին Բետ»-ը տարածել են համատեղ հայտարարություն՝ տեղեկացնելով, որ Իսրայելի օդուժը թիրախավորել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարությանը։
Հայտարարությունում չի հիշատակվում Կատարի անունը, սակայն այն հաջորդել է Դոհայում հզոր պայթյունների մասին հաղորդումներին, որտեղ գտնվում են ՀԱՄԱՍ-ի բարձրագույն առաջնորդները։ Axios-ը հաստատել է այս տեղեկությունը, սակայն զոհերի և վիրավորների մասին դեռ հստակ տեղեկատվություն չկա։
«Այդ առաջնորդները տարիներ շարունակ ղեկավարել են ահաբեկչական կազմակերպության գործողությունները և ուղղակիորեն պատասխանատու են հոկտեմբերի 7-ի կոտորածի և Իսրայելի դեմ սանձազերծված պատերազմի համար», – նշվում է հայտարարությունում։
Զինված ուժերի հաղորդմամբ՝ հարվածի ընթացքում կիրառվել են բարձր ճշգրտության զինատեսակներ, ինչպես նաև հատուկ հետախուզական միջոցներ՝ քաղաքացիականների շրջանում վնասները նվազագույնի հասցնելու համար։