Միջազգային

Իրանը վերսկսում է համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ

Իրանը վերսկսում է համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ

Իրանը վերսկսել Է ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը։ ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին համաձայնեցրել են երկրում ստուգումների վերսկսման պայմանները և նոր համաձայնագիր են ստորագրել, հայտնում են իրանական ԶԼՄ-ները։ 

Իրան-ԱԷՄԳ համաձայնագիրը հաշվի է առնում ԱԷՄԳ-ի և Թեհրանի պահանջներն անվտանգության հարցերի վերաբերյալ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«Այս համաձայնագիրն ստեղծում է գործնական համագործակցության մեխանիզմ, որն արտացոլում է Իրանի բացառիկ անվտանգության պայմանները, ինչպես նաև գործակալության տեխնիկական պահանջները»,- ասել է նա մամուլի ասուլիսում։

Նրա խոսքով՝ Իրանը բարի կամք է ցուցաբերել՝ վերսկսելով համագործակցությունն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ։ Արաղչին հավելել է, որ ինքը ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի հետ համաձայնեցրել է միջազգային կազմակերպության երաշխիքների իրականացման գործնական քայլերը, որոնք ներառում են Իրանի միջուկային գործունեության ստուգումների համակարգ՝ Թեհրանի կողմից նախկինում ընդունված օրենսդրությանը լիովին համապատասխան:

Համաձայնագիրը, հավելել է նա, ստեղծում է շարունակական համագործակցության շրջանակ և ապահովում է Իրանի անօտարելի իրավունքները:

ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներից հետո Իրանը կասեցրել էր համագործակցությունը Միջազգային Ատոմային Էներգիայի գործակալության հետ, սակայն նշել էր, որ կողմերը փորձում են մշակել նոր համագործակցության մոդել։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական