Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Միջին միջանցքի ԱՄՆ սերտիֆիկացված առևտրային առաքելության ներկայացուցիչներին։
Հանդիպման ընթացքում նշվել է ս.թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և ԱՄՆ նախագահների ու Հայաստանի վարչապետի մասնակցությամբ կայացած քննարկումների և ստորագրված փաստաթղթերի պատմական նշանակությունը։
Ընդգծվել է, որ այս համաձայնագրերը նպաստում են տարածաշրջանային խաղաղությանը և առաջընթացին, ինչպես նաև լայն հեռանկարներ բացում ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների զարգացման համար։ Այս համատեքստում ուշադրություն է դարձվել նախագծի կարևորությանը, որը կապահովի Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխոչընդոտ կապը։
Տեղեկատվություն է տրամադրվել Ադրբեջանի կողմից Միջին միջանցքի վերականգնման և վերակենդանացման երկարաժամկետ ջանքերի մասին։
Գոհունակությամբ նշվել է Ադրբեջանի և Կասպից ծովի արևելյան ափին գտնվող գործընկեր երկրների, այդ թվում՝ Կենտրոնական Ասիայի երկրների միջև ռազմավարական կապերի առկայությունը։
Տեղեկատվություն է տրամադրվել նաև Ադրբեջանի կողմից գործընկեր երկրների հետ համատեղ իրականացված լայնածավալ աշխատանքների մասին՝ վերականգնվող էներգիայի ռեսուրսների զարգացման և դրանց Եվրոպա փոխանցման ուղղությամբ։ Մասնավորապես, ուշադրությունը կենտրոնացել է կոնկրետ նախագծերի կարևորության վրա, ինչպիսին է սևծովյան էներգետիկ ստորջրյա մալուխի կառուցումը։