Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) վերահսկում է Գազա քաղաքի տարածքի 40% - ը, և առաջիկա օրերին գործողությունը կընդլայնվի: Այս մասին հայտարարել է ՑԱԽԱԼ-ի պաշտոնական ներկայացուցիչ Էֆի Դեֆրինը։
Ստորաբաժանումները գործում են Զեյթուն և Շեյխ Ռադվան շրջաններում։ Միաժամանակ ենթակառուցվածքներ են նախապատրաստվում քաղաքի հարյուր հազարավոր բնակիչների տարհանման համար։ Վերջին երկու շաբաթվա ընթացքում անվտանգ գոտիներ է տեղափոխվել 70-80 հազար մարդ։
Իսրայելում նաև հայտարարում են, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ-ը խոչընդոտում է տարհանմանը՝ օգտագործելով քաղաքացիներին որպես կենդանի վահան և քարոզչական արշավ է վարում:
Միևնույն ժամանակ, խմբավորումն առաջարկել է համապարփակ գործարք՝ իսրայելցի բոլոր պատանդների փոխանակում պաղեստինցի բանտարկյալների հետ, պատերազմի դադարեցում, իսրայելական զորքերի դուրսբերում, մարդասիրական օգնության համար անցումների բացում և շրջանի անկախ կառավարման ստեղծում: ՀԱՄԱՍ-ի զինաթափումը առաջարկի մեջ ներառված չի եղել:
Իսրայելի իշխանությունները մերժել են առաջարկը։ Վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակն ընդգծել է, որ պատերազմը կարող է ավարտվել միայն բոլոր պատանդների ազատ արձակման, ՀԱՄԱՍ-ի ամբողջական զինաթափման, տարածքի ապառազմականացման և անվտանգության նկատմամբ իսրայելական վերահսկողության ապահովման պայմանով: