Միջազգային

ՇՀԿ-ին Ադրբեջանի անդամակցությունը արգելափակել են Ռուսաստանն ու Հնդկաստանը. APA

ՇՀԿ-ին Ադրբեջանի անդամակցությունը արգելափակել են Ռուսաստանն ու Հնդկաստանը. APA

Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Չինաստանում անցկացված Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովում նոր մանրամասներ են ի հայտ եկել կազմակերպությանն Ադրբեջանի անդամակցության արգելափակման հանգամանքների վերաբերյալ:

APA գործակալությունը գրում է, որ դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն՝ ՇՀԿ-ին Ադրբեջանի անդամակցության արգելափակումը նախաձեռնել է ոչ միայն Հնդկաստանը, այլև՝ Ռուսաստանը, որը նույնպես ակտիվորեն մասնակցել է այդ գործընթացին:

Ըստ ադրբեջանցիների՝ այս գործընթացում առանցքային դեր է խաղացել Ռուսաստանի ԱԳ նախարարությունը։

Աղբյուրը հայտնել է, որ ՇՀԿ-ին Ադրբեջանի անդամակցության արգելափակման հարցը քննարկվել է Ռուսաստանի և Հնդկաստանի միջև քաղաքական խորհրդակցությունների ընթացքում, և կողմերը համապատասխան պայմանավորվածություն են ձեռք բերել: Սակայն Ռուսաստանը առաջին պլան է մղել Հնդկաստանին՝ մնալով ստվերում։

Հատկանշական է, որ ադրբեջանական APA-ն այս քայլը որակում է որպես անհարգալից քայլ Պեկինի հանդեպ՝ ընդգծելով, որ Չինաստանը հանդես է գալիս կազմակերպության ընդլայնման օգտին և պաշտպանել է Ադրբեջանի անդամակցությունը։  

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական