Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը ֆրանսիացի գործընկերոջը՝ Ժան-Նոել Բարրոյին կոչ է արել չեղարկել Ֆրանսիայի կողմից այս ամսվա ընթացքում պաղեստինյան պետության միակողմանի ճանաչման ծրագիրը։ Սաարի գրասենյակի հայտարարության համաձայն՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի հրավիրվի Իսրայել, քանի դեռ այդ հարցը մնում է օրակարգում։
Հեռախոսազրույցի ընթացքում Սաարը Բարրոյին կոչ է արել «վերանայել Ֆրանսիայի նախաձեռնությունը՝ ճանաչել Պաղեստին պետությունը՝ նշելով, որ այդ քայլը խարխլում է Մերձավոր Արևելքի կայունությունը և վնասում Իսրայելի ազգային շահերին ու անվտանգությանը»։
«Իսրայելը ձգտում է լավ հարաբերությունների Ֆրանսիայի հետ, սակայն Ֆրանսիան պետք է հարգի Իսրայելի դիրքորոշումն այն հարցերում, որոնք կենսական նշանակություն ունեն նրա անվտանգության և ապագայի համար»,- հավելել է Սաարը զրույցի ընթացքում։
Նա նաև ընդգծել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի որևէ այց Իսրայել «տեղին չէ», քանի դեռ Ֆրանսիան շարունակում է իր նախաձեռնությունն ու ջանքերը, որոնք վնասում են Իսրայելի շահերին։
Երեկ երեկոյան Kan հանրային հեռուստառադիոընկերությունը հաղորդել էր, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Մակրոնի այցը պայմանավորել է Ֆրանսիայի՝ Պաղեստինի ճանաչման նախաձեռնությունից հրաժարվելուց։ Ըստ տեղեկությունների՝ Ֆրանսիայի նախագահը մերժել է այդ պահանջը։
Նախարարներն իրենց զրույցի ընթացքում քննարկել են նաև Գազայի հատվածում տիրող իրավիճակը, Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման գործընթացը, Լիբանանի և Ուկրաինայի պատերազմը։