«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Կլիմայական փոփոխությունների արդյունքում Պանամայի ծոցում արձանագրվել է բացառիկ երևույթ՝ ապվելլինգի դադար, որը կարող է լուրջ ազդեցություն ունենալ տեղական էկոհամակարգերի և տուրիզմի վրա։
Արևադարձային հետազոտությունների Սմիթսոնյան ինստիտուտի (STRI) գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2025 թ․ առաջին անգամ դիտարկումների պատմության մեջ դադարել է Պանամայի ծոցի ավանդական սեզոնային ապվելլինգը։ Պատճառը պասատների թուլացումն է։ Այս իրադարձությունը ընդգծում է կլիմայի փոփոխության ուժեղ ազդեցությունը հիմնական օվկիանոսագրական գործընթացների և ափամերձ էկոհամակարգերի վրա:
Չոր սեզոնին (հիմնականում դեկտեմբեր-ապրիլ) Կենտրոնական Ամերիկայում հյուսիսային պասատները ծոցի ջրերում առաջացնում են ապվելլինգ․ այս գործընթացի ժամանակ օվկիանոսի խորքային սառը և սննդարար նյութերով հարուստ ջրերը բարձրանում են մակերես։ Այն ապահովում է բարձր արտադրողականություն ձկնորսության համար և պաշտպանում է կորալային խութերը ջերմային սթրեսից։ Բացի այդ, ապվելլինգի շնորհիվ Պանամայի Խաղաղօվկիանոսյան ափերին ծովը մնում է ավելի զով զբոսաշրջային սեզոնին։
Գիտնականները ենթադրում են, որ այս աննախադեպ իրադարձության պատճառը քամիների ռեժիմի էական փոփոխությունն է, սակայն անհրաժեշտ են հետագա ուսումնասիրություններ՝ ճշգրիտ պատճառներն ու դրանց հնարավոր հետևանքները ձկնորսության վրա պարզելու համար»։