Միջազգային

26 երկիր աջակցում է Ուկրաինային անվտանգության երաշխիքների տրամադրմանը

26 երկիր աջակցում է Ուկրաինային անվտանգության երաշխիքների տրամադրմանը

Ավելի քան 30 երկրների ղեկավարներ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու մասնակցությամբ հանդիպում են անցկացրել՝ քննարկելու ՌԴ հետ խաղաղ համաձայնագրի կնքման դեպքում Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների հնարավոր տրամադրումը։

Փարիզում կայացած գագաթնաժողովից հետո, որն անցկացվել է նաև առցանց ձևաչափով, եվրոպական առաջնորդները հեռախոսային խոսակցություն են ունեցել ԱՄՆ նախագահի հետ։

Լրագրողների առջև ելույթ են ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Զելենսկին։

Ֆրանսիայի ղեկավարը հայտարարել է, որ 26 երկիր աջակցում է Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների տրամադրմանը։

«Մենք ունենք 26 երկիր, որոնք պատրաստ են իրենց զինված ուժերն ուղարկել Ուկրաինա՝ ցամաքում, օդում կամ ծովում, որպեսզի հաշվի առնելով հաշտության կամ խաղաղության հաստատման օրը՝ ապահովեն անվտանգությունը։ Այդ զորքերը Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններ չեն վարելու, սակայն կնպաստեն խաղաղության պահպանմանը։ Նրանք կտեղակայվեն ոչ թե ճակատային գծում, այլ որոշակի վայրերում՝ կանխելու հնարավոր ապագա ագրեսիան», - ասել է Մակրոնը։

«Մենք խոսել ենք Ամերիկայի նախագահի հետ։ Եզրակացությունները հետևյալն են՝ առաջիկա շաբաթներին մենք հստակ կորոշենք, թե ինչպիսին կլինի ԱՄՆ-ի ներդրումը այս կոալիցիայում և կվերջնականացնենք այն»,- հավելել է Ֆրանսիայի նախագահը։ Նրա խոսքով՝ հետագայում պետք է ամերիկյան և ռուսական կողմերի միջև կապեր հաստատվեն, և «բոլոր ազդանշանները պետք է վերածվեն իրականության»։

«Եթե Ռուսաստանը շարունակի մերժել խաղաղության շուրջ կոնկրետ բանակցությունները, մենք ԱՄՆ-ի հետ միասին կգնանք լրացուցիչ պատժամիջոցների ճանապարհով»,- խոստացել է Մակրոնը։ Զելենսկին իր հերթին հայտարարել է, որ Փարիզի գագաթնաժողովում քննարկվել են նոր պատժամիջոցներ, իսկ անվտանգության երաշխիքների հիմնական տարր նա համարել է հզոր ուկրաինական բանակը, որի թվաքանակը չպետք է սահմանափակվի։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական