Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում տուրիստների շրջանում հայտնի «Գլորիա» ճոպանուղին դուրս է եկել ռելսերից։ Վերջին տվյալներով՝ առնվազն 15 մարդ զոհվել է, ևս 18-ը՝ վիրավորվել։ «Սա ողբերգություն է, Լիսաբոնը սգում է, նման բան մեր քաղաքում երբեք չի եղել», - հայտարարել է Լիսաբոնի քաղաքապետ Կառլուշ Մուեդաշը։
Պորտուգալիայի արտակարգ բժշկական ծառայությունները հայտնել են, որ վիրավորներից հինգը ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց։ Մյուս 13-ը, այդ թվում՝ մեկ երեխա, ստացել են թեթև վնասվածքներ։
Զոհերի թվում կան օտարերկրացիներ, սակայն նրանց քաղաքացիությունը դեռևս չի հստակեցվել իշխանությունների կողմից։
Ըստ պորտուգալական SIC Noticias հեռուստաալիքի՝ վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 18:05-ին։ Ճոպանուղու վագոնում գտնվող մարդկանց ճշգրիտ թիվը դեռ հայտնի չէ։
Ականատեսները հեռուստաալիքին պատմել են, որ ճոպանուղին կորցրել է կառավարումը և «մեծ ուժով» բախվել շենքին։