ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում «թունելի վերջում լույս է երևում»։ Միաժամանակ նա հավելել է, որ ՌԴ-ն պատրաստ է խնդիրները լուծել նաև ռազմական ճանապարհով։
Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը երբեք չի քննարկել Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցը՝ տարածքների դիմաց։
«Մենք երբեք այդպես հարց չենք դրել և չենք քննարկել», - ասել է Պուտինը՝ մեկնաբանելով Ուկրաինայի հարցով բանակցություններում հաճախ հնչող «անվտանգության երաշխիքներ՝ տարածքների դիմաց» բանաձևը։
«Դոնալդը խնդրել է հանդիպում կազմակերպել Զելենսկու հետ, եթե հնարավոր է։ Ասել եմ՝ այո, եթե Զելենսկին պատրաստ է, թող Մոսկվա գա»,- ասել է Պուտինը։
ՌԴ նախագահը նշել է, որ եթե առողջ բանականությունը գերակշռի, հնարավոր է համաձայնության գալ Ուկրաինայի հակամարտության կարգավորման ընդունելի տարբերակի շուրջ։ «Ինձ, այդուհանդերձ, թվում է, որ եթե առողջ բանականությունը հաղթի, ապա հնարավոր է համաձայնության գալ այս հակամարտության կարգավորման ընդունելի տարբերակի շուրջ։ Ես դրանից եմ ելնում», - հայտարարել է նա։
Պուտինը նաև հավաստիացրել է, որ Ռուսաստանը երբեք չի կասկածի տակ դրել Ուկրաինայի՝ իր տնտեսական գործունեությունն իր ցանկությամբ իրականացնելու իրավունքը, ներառյալ՝ Եվրոպական միություն (ԵՄ) անդամակցելու հարցը։ «Մենք երբեք կասկածի տակ չենք դրել Ուկրաինայի՝ իր տնտեսական և բիզնես գործունեությունն իր ցանկությամբ իրականացնելու իրավունքը, այդ թվում՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը», - ասել է Ռուսաստանի առաջնորդը։