Միջազգային

ԱՄՆ-ը գնդակոծել է Վենեսուելայից թմրանյութեր տեղափոխող նավը. սպանվել է 11 հոգի

ԱՄՆ-ը գնդակոծել է Վենեսուելայից թմրանյութեր տեղափոխող նավը. սպանվել է 11 հոգի

ԱՄՆ զինված ուժերը երեքշաբթի օրը գնդակոծել են Վենեսուելայից ժամանած նավը, որ ենթադրաբար, թմրանյութեր էր տեղափոխում։ Գործողության արդյունքում զոհվել է 11 մարդ, հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա ընդգծել է, որ սա առաջին հայտնի գործողությունն է այն բանից հետո, երբ իր վարչակարգը վերջերս ռազմանավեր է տեղակայել Կարիբյան ծովի հարավային հատվածում։

«Վերջին րոպեներին մենք կրակ բացեցինք թմրանյութերով լի նավի վրա», - Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը։

«Եվ սա դեռ սկիզբն է։ Երկար ժամանակ է, ինչ մեր երկիր թմրանյութեր են հոսում Վենեսուելայից», - հավելել է նա։

Ավելի ուշ Թրամփը Truth Social հարթակում տարածել է տեսանյութ, որը, երևում է, ցույց է տալիս անօդաչու թռչող սարքերից նկարահանված կադրեր, թե ինչպես է ծովում արագընթաց նավը պայթում և բռնկվում կրակների մեջ։

«Հարվածի հետևանքով սպանվել է 11 ահաբեկիչ։ ԱՄՆ զինված ուժերից ոչ ոք չի վնասվել», - նշել է Թրամփը։

Նա հավելել է, որ ԱՄՆ զինված ուժերը նավի անձնակազմին ճանաչել են որպես Վենեսուելայի «Tren de Aragua» հանցավոր խմբավորման անդամներ, որը փետրվարին ԱՄՆ-ի կողմից ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն։ Թրամփը կրկնել է պնդումները, թե «Tren de Aragua»-ն վերահսկվում է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կողմից՝ մեղադրանքներ, որոնք Կարակասը հերքում է։

Վենեսուելայի հաղորդակցության նախարար Ֆրեդի Նանեզը սոցիալական ցանցերում ակնարկել է, որ Թրամփի տարածած տեսանյութը ստեղծվել է արհեստական բանականության միջոցով։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական