128 տարի անց Ֆրանսիան Մադագասկարին պաշտոնապես վերադարձրել է գաղութային ժամանակաշրջանում վերցված 3 մարդու գանգ, որոնցից մեկը, ենթադրվում է, պատկանում է սակալավա ազգության արքա Տոերային, որը 1897 թվականին գլխատվել էր ֆրանսիական զորքերի կողմից։
Պաշտոնական հանձնումը տեղի է ունեցել օգոստոսի վերջին՝ Ֆրանսիայի մշակույթի նախարարությունում։ Գանգերն օդանավով տարվել են մայրաքաղաք Անտանանարիվու, որտեղ երկուշաբթի երեկոյան դուրս են բերվել օդանավից՝ կարմիր կտորներով ծածկված։ Գանգերի դիմավորման պաշտոնական արարողությանը, որը տեղի է ունեցել Անտանանարիվուի հերոսների դամբարանում, մասնակցել է Մադագասկարի նախագահ Անդրի Ռաժոելինան։
Գանգերի տեղափոխման գործընթացում ներգրավված են եղել ոստիկանության, բանակի և ժանդարմերիայի ներկայացուցիչներ։
Մադագասկարի հաղորդակցության և մշակույթի նախարարության համաձայն՝ Տոերա արքայի գանգը հետագայում կտեղափոխվի Մենաբե շրջանի Ամբիկի բնակավայր, որտեղ նա սպանվել էր։