Չինաստանի նախագահ Սի Ծինպինը սեպտեմբերի 3-ին Պեկինում կհյուրընկալի երկրի պատմության ամենամեծ ռազմական շքերթը՝ նշելով Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակը։ Միջոցառմանը կմասնակցեն ավելի քան 20 երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը։ Վերջինիս համար սա կլինի առաջին բազմակողմ միջազգային հանդիպումը և առաջին անգամը 66 տարվա ընթացքում, երբ հյուսիսկորեացի առաջնորդը ներկա է լինելու չինական ռազմական շքերթին։
Շքերթը դիտվում է որպես Չինաստանի ուժի և դիվանագիտական կշռի ցուցադրություն մի ժամանակաշրջանում, երբ ԱՄՆ-ի գլոբալ դերը հարցականի տակ է դրվում։ Սպասվում է, որ Սիի, Պուտինի և Կիմի համատեղ ներկայությունը, հիպերձայնային հրթիռների ու անօդաչու սարքերի ցուցադրության ֆոնին, կդառնա շքերթի խորհրդանշական պահը՝ որպես «խռովության առանցք» հակադրվելով Արևմուտքին։
Արևմտյան առաջնորդներից միայն Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն և Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը կլինեն Պեկինում՝ ցուցադրելով իրեն բողոքը Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների նկատմամբ։
Չինաստանի ղեկավարությունը շքերթը ներկայացնում է որպես «հիշողության պատերազմ»՝ փորձելով ձևավորել այլընտրանքային պատմական նարատիվ Արևմուտքի պատմության նկատմամբ։ Սակայն միջոցառման հանդեպ հասարակական վերաբերմունքը հակասական է. Պեկինի կենտրոնը շաբաթներով կաթվածահար է անվտանգության միջոցառումներից, իսկ իշխանությունները մոբիլիզացրել են տասնյակ հազարավոր կամավորների և կուսակցականների՝ հասարակական կարգը պահպանելու համար։
Թայվանի պաշտոնյաների գնահատմամբ՝ շքերթի կազմակերպման վրա Չինաստանը ծախսել է շուրջ 5 միլիարդ դոլար, ինչը կազմում է երկրի ամբողջական պաշտպանական բյուջեի մոտ 2 տոկոսը։