Չինաստանից վերադառնալուց հետո Թուրքիայի նախագահ Թեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է Հարավային Կովկասի, հայ-ադրբեջանական հարաբերությունների և հայ ու ադրբեջանցի առաջնորդների հետ հանդիպման մասին։
Նա հույս է հայտնել, որ Հարավային Կովկասը կհասնի այն խաղաղությանը, որին ձգտում է։
«Սպիտակ տան ստորագրություններն, անկասկած, արագացրել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Ադրբեջանն ու Հայաստանը զգալիորեն հաղթահարել են խաղաղության ճանապարհին առկա խոչընդոտները և հասել են վերջնական փուլին։
Ես համապարփակ հանդիպում ունեցա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ապա՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Երկու հանդիպումներում էլ տեսա, որ Ալիևն ու Փաշինյանը նույն կարծիքին են։ Նրանք նույն ուղղությամբ են նայում։ «Զանգեզուրի միջանցքի» հարցի վերաբերյալ որևէ խնդիր կամ տարաձայնություն չկա»,- հայտարարել է Էրդողանը։
Ըստ Էրդողանի՝ Ալիևը շատ ավելի վստահ է այս հարցում, հատկապես՝ ԱՄՆ կատարած այցից հետ, որը որոշիչ գործոն է եղել կողմերի հետագա քայլերի համար։
«Խաղաղության հաստատմամբ մեր տարածաշրջանում ցամաքային և երկաթուղային ճանապարհները, ինչը շատ կարևոր է, կակտիվանան, կբացվեն սահմանային անցակետերը, և շատ ոլորտներ, մասնավորապես՝ առևտուրը, դրական ազդեցություն կունենան։ Դա, հավանաբար, դրական ազդեցություն կունենա նաև մեզ վրա։ Տարածաշրջանի երկրները նույնպես կշահեն համագործակցության նոր հնարավորությունների օգտագործումից։ Սա պարզ է։ Ռուսաստանը և Իրանը նույնպես ապագայում կհասկանան, որ իրենց մտահոգություններն անհիմն էին»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը։