Ֆրանսիան կանգնած է նոր քաղաքական ճգնաժամի եզրին։ Վարչապետ Ֆրանսուա Բայրուն անսպասելի որոշում է կայացրել՝ խորհրդարանում քվեարկության դնել իր կառավարության նկատմամբ վստահության հարցը։ Սեպտեմբերի 8-ին Ազգային ժողովի հատուկ նիստում նախատեսված քվեարկությունում հաջողության հասնելու հնարավորությունները չնչին են, և, ինչպես նշում է BBC-ն, Բայրուի՝ վարչապետի պաշտոնում մնալու օրերը, հավանաբար, հաշված են։
BBC-ի Փարիզի թղթակից Հյու Սքոֆիլդը նշում է, որ Նախագահ Էմանուել Մակրոնի կողմից 2024 թվականի հուլիսին խորհրդարանի հապճեպ լուծարման աղետալի հետևանքները տարվա ընթացքում երկրորդ անգամ սպառնում են Ֆրանսիային ինստիտուցիոնալ քաոսով և, հնարավոր է, նույնիսկ քաղաքացիական անկարգություններով։
Անցյալ տարվա ընտրությունների արդյունքում Ազգային ժողովը բաժանվել է երեք խմբակցությունների՝ կենտրոնամետ, պոպուլիստական աջ և ձախ։ Այս իրավիճակը գործնականում անհնար է դարձնում որևէ կառավարության համար խորհրդարանական մեծամասնության ապահովումը։
Չնայած Մակրոնը հրապարակայնորեն կոչ է անում օրենսդիրներին աջակցել Բայրուին սեպտեմբերի 8-ի քվեարկության ժամանակ, նա միաժամանակ խորհրդակցություններ է վարում դաշնակիցների հետ՝ քննարկելով հետագա քայլերը։ Դրանց թվում է վարչապետի այնպիսի թեկնածու առաջադրելու հնարավորությունը, որը կարող է ապահովել 2026 թվականի բյուջեի ընդունումը՝ առանց քաղաքական նոր ցնցումների։