«Գազպրոմ»-ի և Չինաստանի ազգային նավթագազային կորպորացիայի (CNPC) միջև ստորագրվել է իրավական ուժ ունեցող հուշագիր «Սիբիրի ուժ – 2» գազատարի և Մոնղոլիայի տարածքով անցնող «Սոյուզ Վոստոկ» տրանզիտային գազատարի կառուցման վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է «Գազպրոմ»-ի վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը։
Նրա խոսքով՝ նոր նախագծի շրջանակում Ռուսաստանից Մոնղոլիայի տարածքով Չինաստան տարեկան կմատակարարվի շուրջ 50 մլրդ մ³ գազ։ Բացի այդ, պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև գործող «Սիբիրի ուժ» գազատարով մատակարարումների ծավալը 38 մլրդ մ³-ից հասցնել մինչև 44 մլրդ մ³։
Միլլերի խոսքով՝ «Սիբիրի ուժ - 2»-ը կդառնա «աշխարհում ամենախոշոր և ամենածախսատար գազային նախագիծը», որը նախատեսված է 30 տարվա համար։ Նա ընդգծել է, որ մատակարարումների գինը կլինի ավելի ցածր, քան Եվրոպայի համար։
Reuters-ը հաղորդել էր, որ «Գազպրոմ»-ը քննարկում է նաև «Սիբիրի ուժ» գազատարով տարեկան լրացուցիչ 6 մլրդ մ³ գազի մատակարարում Չինաստանին՝ սկսած 2031 թվականից, ինչը ռուսական ընկերությանը կարող է տարեկան բերել շուրջ 1,5 միլիարդ դոլար եկամուտ։