Բելառուսում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում անցկացվող «Փոխգործակցություն-2025» զորավարժությունները, որոնց կմասնակցեն զինծառայողներ Ղազախստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից, Տաջիկստանից և Բելառուսից: Այս մասին հայտնել է Բելառուսի պաշտպանական գերատեսչությունը Telegram-ի իր ալիքում։
«Նախատեսվում է կիրառել գործողությունների ամենաժամանակակից հնարքներն ու մեթոդները, որոնք մեզ տվել են վերջին ռազմական հակամարտությունների փորձերը»,- հայտարարել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Պավել Մուրավեյկոն:
Նրա խոսքով՝ զորավարժությունները միտումնավոր անցկացվում են Ուկրաինայի և Եվրամիության երկրների սահմաններից հեռու՝ հնարավոր մեղադրանքներն ու սադրանքները բացառելու համար:
Զորավարժությունների ծրագիրը, ինչպես նշվում է, նախատեսում է միջուկային զենքի կիրառման պլանավորման մշակում, սակայն բացառվում է դրա գործնական կիրառումը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լիտվայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Բելառուսի Գրոդնոյի մարզի սահմանի մոտ իր տարածքում զորավարժությունների մեկնարկի մասին: