Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հայտարարել են, որ երկու երկրները գործընկերներ են, այլ ոչ թե մրցակիցներ։ Կողմերը քննարկել են առևտրային կապերի զարգացման և համագործակցության խորացման ուղիները։
Մոդին յոթ տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ այցելել է Չինաստան՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության երկօրյա գագաթնաժողովին։ Նա Սի Ծինփինին վստահեցրել է, որ Հնդկաստանը պատրաստ է բարելավել հարաբերությունները Չինաստանի հետ։ Քննարկվել է նաև երկկողմ առևտրում գրանցված շուրջ 99.2 միլիարդ դոլարի դեֆիցիտի կրճատման հարցը։ Մոդին ընդգծել է վիճելի սահմանին խաղաղության և կայունության պահպանումը՝ հիշեցնելով 2020 թվականի բախումը, որը հանգեցրել էր հնգամյա ռազմական առճակատման։
«Մենք հավատարիմ ենք մեր հարաբերությունների առաջընթացին, որը պետք է հիմնված լինի փոխադարձ հարգանքի, վստահության և զգայունության վրա», — նշել է Մոդին հանդիպման ժամանակ։ Նրա խոսքերը հրապարակվել են պաշտոնական X էջում տեղադրված տեսանյութում։ Վարչապետը հավելել է, որ Հիմալայների վիճելի սահմանին արդեն ձևավորվել է «խաղաղության և կայունության մթնոլորտ»։ Ըստ նրա՝ համագործակցությունը բխում է աշխարհի երկու ամենախիտ բնակեցված երկրների՝ շուրջ 2.8 միլիարդ մարդու շահերից։
Չինաստանի նախագահ Սի Ծինփինն իր հերթին ընդգծել է, որ Չինաստանն ու Հնդկաստանը միմյանց համար զարգացման հնարավորություններ են, ոչ թե սպառնալիքներ։ «Մենք չպետք է թույլ տանք, որ սահմանային խնդիրը որոշի Չինաստան–Հնդկաստան հարաբերությունների ընդհանուր բնույթը», — նշել է Սին՝ ըստ պետական Xinhua գործակալության։
Նրա խոսքով՝ երկկողմ հարաբերությունները կարող են լինել «կայուն և հեռահար», եթե կողմերը միմյանց ընկալեն որպես գործընկերներ, այլ ոչ թե մրցակիցներ։
Հիշեցնենք, որ երկու երկրների հարաբերությունները լուրջ ճգնաժամի մեջ էին հայտնվել 2020 թվականի սահմանային բախման հետևանքով։ Այդ ժամանակ ձեռնամարտում զոհվել էին 20 հնդիկ և 4 չինացի զինծառայողներ, ինչից հետո Հիմալայների սահմանը խիստ ռազմականացվել էր։