Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է Գերագույն ռադայի նախկին Անդրեյ Պարուբիի սպանության մեջ կասկածվող անձի ձերբակալության մասին։ Նրա խոսքով՝ կասկածյալը տվել է առաջին ցուցմունքները։
Ձերբակալվածի ինքնության մասին դեռևս տեղեկություններ չկան, սակայն Ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ նա ձերբակալվել է Խմելնիցկի մարզում։
«Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն և Անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկը հենց նոր զեկուցեցին Անդրեյ Պարուբիի սպանության մեջ կասկածվողի ձերբակալության մասին»,- երկուշաբթի գիշերն իր սոցիալական ցանցերի էջում գրել է Զելենսկին,-«Այս սարսափելի սպանության բոլոր հանգամանքները պետք է պարզվեն»։
Ավելի ուշ Զելենսկին հավելել է, որ խոսել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Ռուսլան Կրավչենկոյի հետ, որը զեկուցել է կասկածյալի նկատմամբ հետագա ընթացակարգային քայլերի մասին։
«Կասկածյալը տվել է առաջին ցուցմունքները։ Ներկայումս իրականացվում են հետագա անհետաձգելի քննչական գործողություններ՝ սպանության բոլոր հանգամանքները պարզելու համար։ Իրավապահների ողջ թիմը, դատախազության աշխատակիցները շարունակում են աշխատել շուրջօրյա»,- հայտարարել է Ուկրաինայի ղեկավարը՝ շնորհակալություն հայտնելով «յուրաքանչյուրին, ով ներգրավված է այս աշխատանքում»։