Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը կկայանա Չինաստանի Տյանցզին քաղաքում՝ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը: ՇՀԿ գլխավոր քարտուղար Նուրլան Երմեկբաևը հայտնել է, որ անդամ երկրների ղեկավարները խոստացել են անձամբ ներկա գտնվել: Գագաթնաժողովին կմասնակցեն նաև այլ պետությունների ղեկավարներ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ներկայացնում ենք Երմեկբաևի՝ РИА-ին տված հարցազրույցից Հայաստանի հետ կապված հատվածը։
Հայաստանի ու Ադրբեջանի՝ ՇՀԿ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու մասին հարցին ի պատասխան նա նշել է. «Նոր անդամների ընդունման որոշումը կայացվում է կոնսենսուսով՝ հիմնվելով ՇՀԿ կանոնադրության սկզբունքների և միջազգային պայմանագրերի վրա: Դիմումները քննարկվում են, սակայն կանխատեսումներ անելը ճիշտ չէ»։
Հարցին՝ արդյոք Ռուսաստանի և Հայաստանի կամ Ռուսաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների սառեցումը կարող է խոչընդոտել նրանց անդամակցությանը, Երմեկբաևը պատասխանել է. «Ես իրավասու չեմ մեկնաբանել երկկողմ հարաբերությունները: Հայաստանն ու Ադրբեջանը ՇՀԿ-ի ակտիվ գործընկերներ են և մասնակցում են համատեղ միջոցառումներին»: Նա ընդգծել է, որ ՇՀԿ-ն հավատարիմ է տարաձայնությունների խաղաղ կարգավորման սկզբունքին, և երկկողմ վեճերը չեն քննարկվում կազմակերպության նիստերում, ինչը հաստատվել է 2024 թվականի Աստանայի գագաթնաժողովի հայտարարությամբ: