Ադրբեջանական զլմ-ները հաղորդում են, որ Իլհամ Ալիևն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին:
Մագդալենա Գրոնոն փոխանցել է Եվրամիության ղեկավարության ողջույնները, շնորհավորել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության օրակարգի հարցերում Վաշինգտոնում ձեռք բերված կարևոր արդյունքների կապակցությամբ:
Նա ընդգծել է, որ այս գործընթացը մեծ ներդրում է ունեցել տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման գործում: Նա հայտարարել է, որ Եվրամիության անդամ պետությունները նույնպես աջակցում են Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված խաղաղությանը: Մագդալենա Գրոնոն նաև նշել է, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել երկու երկրների միջև համաձայնեցված հարցերի իրականացման գործընթացին, ներառյալ՝ տրանսպորտային միջանցքը:
Ալիևն էլ, իր հերթին նշելով Վաշինգտոնում ձեռք բերված արդյունքների պատմական նշանակությունը, հատուկ ընդգծել է այդ գործընթացում Միացյալ Նահանգների դերը: Ըստ նրա՝ ԱՄՆ միջնորդությամբ ստորագրված վաշինգտոնյան հռչակագիրը, խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը և Մինսկի խմբի լուծարման մասին Ադրբեջանի և Հայաստանի համատեղ դիմումը կարևոր քայլեր են խաղաղության գործընթացում:
Հանդիպմանը նշվել է, որ Ադրբեջանը աջակցում է Հայաստանի հետ երկկողմ վստահության միջոցառումներին։ Ընդգծվել է Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև անխոչընդոտ տրանսպորտային-տարանցիկ հաղորդակցության հաստատման կարևորությունը, ինչպես նաև Եվրոպական միության հետ համագործակցության լայն հնարավորությունների առկայությունը, հատկապես՝ Նախիջևանի տրանսպորտային ենթակառուցվածքի արդիականացման ոլորտում: