Օգոստոսի 8-ին Վաշինգտոնյան համաձայնություններով արձանագրվել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այլևս խաղաղություն է։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Մենք չենք ասում կնքվել է, այո, նախաստորագրվել է, գործողություններ կլինեն, սակայն ենթադրում եմ՝ հետագա ստորագրման, վավերացման փուլերն իրենց կշռով գուցե նույնիսկ չկարողանան գերազանցել նախաստորագրմանը»,- ընդգծել է նա։
Միրզոյանի խոսքով՝ նախաստորագրված պայմանագիրն ու ստորագրված հռչակագիրը բխում են և կառուցված են Հայաստանի և Ադրբեջանի համար փոխշահավետությունից․ չկա մի դրույթ, որն էականորեն լավ է մի երկրի համար և էականորեն վատ է մյուսի համար։
«Ենթակառուցվածքներն ապաշրջափակվում են հետևյալ սկզբունքների ներքո՝ տարածքային ամբողջականության, այդ թվում՝ սահմանների անձեռնմխելիության, երկրների ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում և փոխադարձությամբ։ Բոլոր անհրաժեշտ երաշխիքներն արձանագրված են։ Մինչև ենթակառուցվածքների բացումը պետք է լինի սահմանազատում, կառուցվի սահմանային անցակետ»,- մանրամասնել է նախարարը։