ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մերձավորարևելյան հարցերով հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ այսօր Սպիտակ տանը ընդլայնված հանդիպում կանցկացնի՝ Գազայի «Հետպատերազմյան պլանը» քննարկելու նպատակով: Այս մասին Ուիթքոֆը հայտնել է ամերիկյան Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Գազայի հետ կապված ինչ-որ ծրագրեր կան, Ուիթքոֆֆը հայտնել է, որ չորեքշաբթի Սպիտակ տանը Թրամփի նախագահությամբ տեղի կունենա այդ հարցի շուրջ համապարփակ հանդիպում:
Նա նշել է, որ հանդիպման շրջանակներում քննարկվելու է Գազայի «Հետպատերազմյան պլանը», և նման համապարփակ պլաններն արդեն պատրաստ են:
«Կարծում ենք՝ մենք ինչ-որ կերպ կլուծենք այդ հարցը և անպայման համաձայնության կհասնենք մինչև տարեվերջ»,- ասել է հատուկ ներկայացուցիչը:
Նշենք, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր Վաշինգտոնում կհանդիպի իր իսրայելցի գործընկեր Գիդեոն Սաարի հետ: Բանակցությունները նվիրված կլինեն Գազայի հատվածին։