Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը անդրադարձել է Հայաստանի սահմանադրության փոփոխությունների վրա ներքաղաքական փոփոխությունների հնարավորությանը և հետևող գործընթացներին։
«Հուսով եմ, որ ոչինչ չի խանգարի գործընթացին։ Բայց կրկին 100 տոկոս երաշխիքներ չունեմ, քանի որ լավ չեմ տիրապետում Հայաստանի ներքին քաղաքականությանը։ Մենք գիտենք, որ հաջորդ ամռանը նրանք կանցկացնեն խորհրդարանական ընտրություններ, որ աշխատում են նոր սահմանադրության նախագծի վրա։ Բայց եթե լինի ուժեղ արտաքին միջամտություն, մենք կարող ենք մտածել, որ ինչ-որ բան կարող է խախտել համաձայնեցվածը, բայց դա շատ վնասակար կլինի հենց Հայաստանի համար։ Որովհետև անկախ նրանից, թե ով է ստորագրել փաստաթղթերը Վաշինգտոնում, դրանք ստորագրվել են Հայաստանի անունից՝ հայ ղեկավարի կողմից։ Եթե փոփոխությունների հետ կապված ինչ-որ բան պատահի, և նրանք հետ կանգնեն ստորագրվածից, դա լրջորեն կվատթարացնի Հայաստանի և Միացյալ Նահանգների հարաբերությունները։ Եվ ոչ միայն Միացյալ Նահանգները, այլև միջազգային հանրությունը աջակցեց այս գործընթացին՝ Եվրոպան աջակցեց, Թուրքիան, արաբական երկրները աջակցեցին, այսինքն, ամբողջ միջազգային հանրությունը»,- ընդգծել է նա։
Ալիևի խոսքով՝ Հայաստանի համար Վաշինգտոնում ստորագրվածը խաղաղության և կայուն զարգացման երաշխիք է։
«Այսպիսով, ես փորձում եմ ասել, որ Հայաստանի որևէ ապագա կառավարություն, անկախ նրանից, թե երբ է այն իշխանության գալու, եթե կասկածի տակ դնի Վաշինգտոնում ստորագրվածը, Հայաստանը լուրջ բարդությունների կբախվի, քանի որ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը բացարձակապես մեր օգտին է բոլոր տեսանկյուններից»,- հավելել է նա։