Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային անդրադարձել է «3+3» մեխանիզմի հետագա դերին։
«Հարավային Կովկասում «3+3» ձևաչափն ունի իր պատմությունը և ստեղծվել է տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի, ինչպես նաև Հարավային Կովկասին հարակից երկրների միջև խորհրդակցություններ անցկացնելու համար:
Մինչ օրս մի քանի հանդիպում է տեղի ունեցել տարբեր երկրներում, և, եթե չեմ սխալվում, առաջին հանդիպումներից մեկը կայացել է Թեհրանում:
Այս մեխանիզմն արդեն ժամանակի փորձություն է անցել որպես տարածաշրջանային կազմակերպություն, որը նպաստում է տարածաշրջանի երկրների, հատկապես` Ադրբեջանի և Հայաստանի միջև վեճերի կարգավորմանը»,- ասել է նա:
Ըստ նրա՝ անկախ տարածաշրջանից դուրս տեղի ունեցող զարգացումներից, Հվ․ Կովկասի խնդիրների կարգավորման առումով, այսօր, առավել, քան երբևէ, տարածաշրջանի երկրները եզրակացել են, որ այդ մեխանիզմները պետք է մնան ակտիվ․ «Անհրաժեշտ է ջանքեր գործադրել դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար՝ վեճերի կարգավորման և տարածաշրջանից դուրս գտնվող սուբյեկտների միջամտությունը կանխելու նպատակով»: