Միջազգային

ՄԱԿ-ը լրագրողների սպանության գործով հետաքննության կոչ է արել

ՄԱԿ-ը կոչ է արել Գազայի տարածքում Իսրայելի կողմից սպանությունների, այդ թվում՝ Նասեր հիվանդանոցի վրա հասցված «կրկնակի հարվածի» գործով  անկախ և համապարփակ հետաքննություն իրականացնել։

Հիշեցնենք, տեղի ունեցածի հետևանքով զոհվել է 20 մարդ, այդ թվում՝ հինգ լրագրող։ ՄԱԿ-ը նաև պահանջել է ապահովել արդարադատություն և մեղավորների պատասխանատվությունը։

«Անհրաժեշտ է արդարադատություն»,- Ժնևում լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակի խոսնակը։ Նա ընդգծել է, որ Գազայում սպանված լրագրողների մեծ թիվը լուրջ հարցեր է առաջացնում լրատվամիջոցների աշխատակիցների դիտավորությամբ թիրախավորման վերաբերյալ։

Ըստ տվյալների՝ երկուշաբթի օրը Իսրայելը երկու անգամ հարվածել է Գազայի հարավում գործող վերջին հանրային բժշկական հաստատությանը՝ Նասեր հիվանդանոցին։ Ականատեսների խոսքով՝ երկրորդ հարվածը հասցվել է այն ժամանակ, երբ փրկարարները և լրագրողները տեղ էին հասել առաջին ռմբակոծությունից մոտ 15 րոպե անց՝ վիրավորներին տարհանելու նպատակով։ Արդյունքում զոհվել են ինչպես փրկարարներ, այնպես էլ լրագրողներ։

«Կրկնակի հարվածի» հետևանքով զոհվել են Reuters, Associated Press և Al Jazeera լրատվամիջոցների աշխատակիցներ, ինչպես նաև անկախ լրագրողներ։ Միջազգային հեղինակավոր երեք լրատվամիջոցներն արդեն հանդես են եկել հայտարարություններով՝ սգալով իրենց գործընկերների մահը և կոչ անելով Իսրայելին անմիջապես հետաքննել դեպքը։