Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հայտարարել է, թե տարածաշրջանում տրանսպորտային և հաղորդակցական ուղիների բացման հարցը դարձել է Վաշինգտոնում կայացած եռակողմ գագաթնաժողովի հիմնական դրույթներից մեկը։
«Սա ոչ միայն երկու երկրների հարաբերությունների ամրապնդում է, այլև՝ Ադրբեջանի դերի մեծացում տարածաշրջանի և համաշխարհային տնտեսական ու տրանսպորտային քարտեզում»,- ասել է նա։ Ըստ Ասադովի՝ ստորագրված հայտարարությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանի առաջարկած խաղաղությունը ստացավ միջազգային լայն աջակցություն և պաշտոնապես ընդունվեց․ «Փաստաթուղթը, որը կարևոր քաղաքական շրջանակ է տարածաշրջանում խաղաղության հաստատման համար, հիմք է ստեղծում նաև հետագա փոխըմբռնման համար», – նշել է Ասադովը։
Նրա խոսքով՝ հայտարարությունը համապարփակ է․ այն վերջ է դնում երկարատև զինված հակամարտությանը։
Ասադովը ընդգծել է, որ պատերազմից հետո Ալիևը բազմիցս հայտարարել է Ադրբեջանից Նախիջևան տանող անխոչընդոտ ցամաքային ճանապարհի ապահովման անհրաժեշտության մասին․
«Չնայած դժվարություններին և տարաձայնություններին՝ այս պահանջը վերջապես ընդունվեց Հայաստանի կողմից։ Վաշինգտոնում ստորագրված փաստաթուղթը հստակ ընդգծում է Ադրբեջանի մայր մասի և Նախիջևանի միջև վստահելի կապի ապահովման կարևորությունը։ Այդ նպատակով նախատեսվում է ԱՄՆ-ի աջակցությամբ գործարկել հատուկ ենթակառուցվածքային նախաձեռնություն՝ «Թրամփի խաղաղության և բարգավաճման ճանապարհը» (TRIPP)։ Սա ոչ միայն մեծ նշանակություն ունի Ադրբեջանի համար, այլև էական ազդեցություն կունենա տարածաշրջանի տնտեսական և աշխարհաքաղաքական քարտեզի վրա», – ասել է վարչապետը։
Ըստ Ասադովի՝ Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերը բացառիկ նշանակություն ունեն։