Միջազգային

Իրանը պատրաստ է բանակցությունների. խոսնակ

Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղայը, պատասխանելով այն հարցին, թե ինչու ԱՄՆ-ի հետ բանակցությունները չեն սկսվում՝ հաշվի առնելով Եվրոպայի թույլ դիրքերը, հայտարարել է. «Իրանը բազմիցս բանակցություններ է վարել ԱՄՆ-ի հետ և մշտապես պատրաստակամություն է ցուցաբերել դիվանագիտական գործընթացն առաջ մղելու համար՝ խնայելով ոչ մի ջանք: Իրանը պատրաստվում էր Մասկատում բանակցությունների վեցերորդ փուլին, և նախորդ բոլոր փուլերն անցկացվել են գիտակցաբար՝ երկու կողմերի փոխհամաձայնությամբ: Ցավոք, բանակցությունների նշանակված օրվանից ընդամենը երկու օր առաջ ԱՄՆ-ն մերժեց դիվանագիտական ճանապարհը՝ խաթարելով գործընթացը: Հետևաբար, ոչ ոք չի կարող մեղադրել Իրանին բանակցություններից խուսափելու մեջ»:

Ընդգծելով Իրանի՝ բանակցություններին մասնակցելու հանձնառությունը, Բաղայը նշել է. «Վերջին 2-3 ամսվա ընթացքում մենք հստակորեն ցույց ենք տվել մեր պատրաստակամությունը: Իրանը երբեք չի լքել բանակցությունների սեղանը: Ներկայումս մենք երկխոսություն ենք վարում նաև Եվրոպայի հետ, քանի որ Եվրոպան պատրաստ է բանակցություններին»։

Բաղայը նաև հավելել է. «Իրանը միշտ ցուցաբերել է բարեխիղճ վերաբերմունք և կշարունակի դա անել: Մենք չենք ցանկանում, որ մեզ մեղադրեն բանակցություններից խուսափելու մեջ: Վերջին 3-4 ամսվա իրադարձությունները ցույց են տալիս, թե որ կողմն է բարեխղճորեն մասնակցել բանակցություններին, և ով է խոչընդոտել դրանց ընթացքը՝ անընդհատ փոխելով դիրքորոշումները և քննադատելով: Երբ մյուս կողմը չի կարողացել դիվանագիտական ճանապարհով պաշտպանել իր շահերը, անօրինական և միակողմանի գործողություններով դիմել է ուժի կիրառման, ինչը որևէ կերպ ընդունելի չէ»: