Միջազգային

Ադրբեջանը երբեք չի ընդունել միջանկյալ լուծումներ. Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ ԱՄՆ-ում ստորագրված փաստաթղթերը նշանակալի իրադարձություն են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի հետևողական քաղաքականությունը հասել է իր տրամաբանական ավարտին․ «Մեր արտաքին քաղաքականության արդյունքում հակամարտության կարգավորումը լիովին համապատասխանում է ազգային շահերին։ Նույնիսկ ամենաբարդ ժամանակներում Ադրբեջանը թույլ չի տվել օկուպացիայի օրինականացում», – ասել է Բայրամովը։

Բայրամովը հիշեցրել է, որ մինչև այս տարվա հունվարի վերջը Հայաստանը չէր համաձայնում խաղաղության պայմանագրի մի շարք դրույթների հետ․  «Հայաստանը մերժում էր հատկապես այն կետերը, որոնք վերաբերում էին դատարաններում հայցերի հետկանչմանը և սահմանին երրորդ ուժերի տեղակայմանը։ Սակայն Դոնալդ Թրամփի ներկայությամբ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից ստորագրված համատեղ հայտարարությունը վերահաստատում է Ադրբեջանի խաղաղ օրակարգը», – ընդգծել է նա։

Բայրամովը նաև անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը․ «Ադրբեջանը լուրջ քայլեր է ձեռնարկել տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու ուղղությամբ և բացահայտ հայտարարել է, որ Ղարաբաղի հարցը Ադրբեջանի ներքին գործն է։ Չնայած խաղաղ բանակցություններում արձանագրված որոշակի առաջընթացին՝ Հայաստանի արագ սպառազինումը դարձել է կարգավորման գործընթացի ավարտին խոչընդոտող հիմնական գործոն»,- նշել է ԱԳ նախարարը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը երբեք չի ընդունել միջանկյալ լուծումներ, որոնք հակասում են ազգային շահերին․ «44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը, հիմնվելով միջազգային փաստաթղթերի վրա, վերականգնեց իր տարածքային ամբողջականությունը։ Պետք է հատկապես նշել պետության ղեկավարի ցուցաբերած քաղաքական իմաստությունը․ մի շարք տարածքներ ազատագրվեցին առանց ռազմական գործողությունների, ինչը ևս ամրապնդեց մեր հաղթանակը»,– ասել է Բայրամովը։