Իրանի Քաղաքական նպատակահարմարության խորհդի անդամ Մոհամմադ Սադրը «Սիներգիա» հանդեսին տված հարցազրույցում հայտարարել է, որ ՌԴ-ն Իրանի մասին տեղեկություններ է տրամադրել Իսրայելին։
«Ռուսաստանը Իսրայելին է փոխանցել Իրանի պաշտպանական համակարգերի մասին տեղեկություններ։ Ռայիսիի մահվան միջադեպը Իսրայելի ձեռքի գործն է»,- ասել է նա։
Սադրի խոսքով՝ Իսրայելի և ԻԻՀ միջև վերջին 12-օրյա պատերազմի, ինչպես նաև՝ նախորդ բախումների ժամանակ Ռուսաստանը Իսրայելին տրամադրել է տվյալներ Իրանի պաշտպանական կենտրոնների վերաբերյալ։ «Այս պատերազմը հստակ ցույց տվեց, որ Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքը փլուզվել է»,– ընդգծել է նա։
Սադրը, որը ռեֆորմիստական կառավարության տարիներին զբաղեցրել է Իրանի փոխարտգործնախարարի պաշտոնը, հավելել է․ «Ռուսաստանը համաձայնեց Ս-400 համակարգեր վաճառել ՆԱՏՕ անդամ Թուրքիային, բայց ոչ՝ մեզ։ Մենք ռազմավարական համաձայնագիր ունենք, Սու-35 կործանիչների գնման հարցը վաղուց օրակարգում է, սակայն դրանք ևս մեզ չեն տրամադրում»։
Նրա խոսքով՝ «Ռուսաստանն Իսրայելի նկատմամբ հատուկ կողմնակալություն է դրսևորում»։ Սադրը նշել է․ «Եկեք՝ պահպանենք հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց՝ չվստահենք նրան»։
Խորհրդատվական խորհրդի անդամը նաև ընդգծել է, որ, իր համոզմամբ, այն ժամանակվա նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի կործանումը եղել է Իսրայելի ձեռքի գործը։ «Այս սպանությամբ Իսրայելը գործնական ազդանշան է հղել․ եթե Իրանը շարունակի, մենք էլ կշարունակենք»,– հայտարարել է Սադրը։