ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր, որը սահմանափակում է Վաշինգտոնում առանց գրավի ազատ արձակման համակարգի կիրառումը։
«Առանց գրավի ազատ արձակումը մենք վերացնում ենք»,– հայտարարել է Թրամփը Օվալաձև գրասենյակում հրամանագիրը ստորագրելու ժամանակ։
Այս համակարգով մեղադրյալներն առանց գրավի գումար վճարելու մինչև դատավարությունը կարողանում են ազատ արձակվել բանտից՝ դատարան ներկայանալու պարտավորություն ստանձնելով։
Թրամփի և համակարգի այլ քննադատների պնդմամբ, դա նվազեցնում է մեղադրյալների՝ դատարան ներկայանալու խթանը և վտանգում է հանրային անվտանգությունը՝ հնարավորություն տալով նրանց վերադառնալ փողոց։
Կողմնակիցները, սակայն, ընդգծում են, որ այն օգնում է ցածր եկամուտ ունեցող մարդկանց, որոնք հաճախ չեն կարողանում վճարել գրավի գումարը։
Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը «խեղդվում է հանցագործությունների ալիքի մեջ»։ Նա ժամանակավորապես վերցրել է քաղաքի ոստիկանության վերահսկողությունը, թույլատրել է Ազգային գվարդիայի զորքերին զենք կրել պարեկության ժամանակ և նաև սպառնացել է ընդլայնել ԱՄՆ ռազմական ներկայությունը այլ քաղաքներում, ներառյալ Բալթիմորը և Չիկագոն։