ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Ուկրաինայի պատերազմը կարող է ավարտվել մոտավորապես վեց ամսում, քանի որ կողմերը արդեն գնացել են «նշանակալի զիջումների»։
Վենսը վստահ է, որ Վաշինգտոնը կարող է միջնորդել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հաստատման գործում՝ չնայած վերջին զարգացումներին։
«Ռուսները շատ բաներ են արել, որոնք մեզ դուր չեն գալիս։ Քաղաքացիական բնակչության մահվան դեպքերն անմիջապես դատապարտել ենք։ Բայց պետք է ընդունել՝ նախագահ Թրամփն ավելի մեծ ճնշում է գործադրել Ռուսաստանի վրա, քան Ջո Բայդենը՝ իր երեքուկես տարվա ընթացքում»,– ասել է Վենսը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն կիրառում է տնտեսական լծակներ, այդ թվում՝ երկրորդային մաքսատուրքեր, օրինակ, Հնդկաստանի նկատմամբ, որպեսզի սահմանափակվի Ռուսաստանի եկամուտը նավթից։ Միևնույն ժամանակ, Վենսը վստահեցրել է, որ ամերիկյան զորքեր Ուկրաինայում չեն տեղակայվելու։