Մարտի սկզբին, Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու միջև Վաշինգտոնում տեղի ունեցած լարված հանդիպումից երեք օր անց, Լոնդոնում Ուկրաինայի դեսպանատանը փորձ է արվել կապ հաստատել Ուկրաինայի դեսպան Վալերի Զալուժնիի հետ։
Ամերիկայի փոխնախագահ Ջեյ Դի Վենսի թիմը ցանկացել է հեռախոսազրույց կազմակերպել Զալուժնիի հետ։ Սակայն, ըստ The Guardian-ի աղբյուրների, Զալուժնին, խորհրդակցելով Զելենսկու աշխատակազմի ղեկավարի հետ, մերժել է զանգը։
Այս դրվագը, ըստ փորձագետների, ցույց է տալիս բարդ քաղաքական հավասարակշռությունը, որում հայտնվել է Զալուժնին՝ զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատարն ու Ուկրաինայի այժմյան դեսպանը Բրիտանիայում։ Մի կողմից նա հավատարիմ է այն կառավարությանը, որին ծառայում է, մյուս կողմից՝ ներսում և դրսում, շատերը նրան տեսնում են որպես Զելենսկու հնարավոր մրցակից և ապագա նախագահ։
Զալուժնին երբեք հրապարակայնորեն չի հայտարարել քաղաքական կարիերայի իր մտադրությունների մասին։ Այնուամենայնիվ, նրա հեղինակությունը և պատերազմի տարիներին ձևավորված հերոսի կերպարը նրան դարձնում են ամենահավանական մրցակիցը Զելենսկու համար, երբ Ուկրաինայում վերջապես սկսվեն ընտրությունները։
Չնայած քաղաքական ճնշումներին՝ Զալուժնին զգուշավոր է։ Նա անգամ Վենսի զանգին չի պատասխանել, որպեսզի չթվա, թե գործակցում է Թրամփի թիմի հետ՝ ընդդեմ Զելենսկու։ Դեսպանը սոցիալական ցանցերում նույնիսկ հրապարակել է լուսանկար, որտեղ սեղմում է Զելենսկու ձեռքը՝ ընդգծելով ազգային միասնության կարևորությունը։
Վերլուծաբանները նշում են, որ այս պահվածքը նրան ապահովում է որպես հավատարիմ պետական գործիչ, սակայն միաժամանակ հիասթափեցնում է այն ընդդիմադիրներին, ովքեր նրան տեսնում են որպես Ուկրաինայի հաջորդ առաջնորդ։