Միջազգային

Ֆրանսիայում Իտալիայի դեսպանը կանչվել է երկրի ԱԳՆ

Ֆրանսիայում Իտալիայի դեսպան Էմանուելա Դ'Ալեսանդրոն կանչվել է Հանրապետության արտաքին գործերի նախարարություն, երբ Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինին քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում, հաղորդում է Franceinfo ռադիոկայանը։

Միլան կատարած այցի ժամանակ, պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք Իտալիան պատրա՞ստ է իր զինվորականներին ուղարկել Ուկրաինա՝ որպես «կամավորների կոալիցիայի» մաս, որն ստեղծվել է Մակրոնի և ՄԹ վարչապետ Քիր Սթարմերի նախաձեռնությամբ, Սալվինին բացասական պատասխան է տվել և խորհուրդ տվել Ֆրանսիայի նախագահին ինքնուրույն գնալ Նեզալեժնայա։

«Իտալացի զինվորներ՝ Ուկրաինայո՞ւմ։ Բացարձակապես ոչ։ Եթե Էմանուել Մակրոնն այդպես է ուզում, թող ինքը գնա այնտեղ։ Հագեք սաղավարտ, վերցրեք հրացան և ինքներդ գնացեք Ուկրաինա»,- ռադիոկայանը մեջբերում է իտալացի քաղաքական գործչի խոսքերը։

Ֆրանսիայի արտգործնախարարությունն Իտալիայի դեսպանին փոխանցել է, որ Սալվինիի խոսքերն անընդունելի են և «հակասում են երկու երկրների միջև վստահության մթնոլորտին և պատմական հարաբերություններին, ինչը նաև արտացոլվում էր դիրքորոշումների մերձեցման մեջ, նախ և առաջ՝ Ուկրաինային անսասան աջակցության հարցում»։