CBS News-ը հայտնում է, որ ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբբարդը արգելել է ԱՄՆ հետախուզական համայնքին՝ Ռուսաստանի և Ուկրաինայի խաղաղ բանակցությունների վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն կիսել ԱՄՆ դաշնակից հետախուզական կառույցների հետ։
Հուշագիրը, որը թվագրված է հուլիսի 20-ով և ստորագրված Գաբբարդի կողմից, պարտադրում է գործակալություններին չփոխանակել տվյալներ այսպես կոչված «Հինգ աչքի» դաշինքի հետ (հետպատերազմյան հետախուզական դաինք. ներառում է ԱՄՆ-ը, Բրիտանիան, Կանադան, Ավստրալիան և Նոր Զելանդիան). այս մասին CBS News-ին հայտնել են մի քանի ամերիկացի հետախուզական պաշտոնյաներ։
Պաշտոնյաները նշել են, որ հրահանգը դասակարգել է Ռուսաստանի և Ուկրաինայի խաղաղության բանակցություններին վերաբերող բոլոր վերլուծությունները և տեղեկությունները որպես «NOFORN» (ոչ օտարերկրացիների համար), այսինքն՝ տվյալները չեն կարող կիսել որևէ այլ երկրի կամ օտարերկրացու հետ։ Միակ տեղեկատվությունը, որը կարող է փոխանցվել՝ արդեն բաց աղբյուրներում հրապարակվածն է։ Հուշագրով նաև սահմանափակվել է բանակցությունների վերաբերյալ նյութերի շրջանառությունը անգամ ԱՄՆ ներսում՝ հասանելի լինելով միայն այն գործակալություններին, որոնք հավաքել կամ պատրաստել էին տվյալները։
Միևնույն ժամանակ հուշագիրը կարծես չի արգելում դիվանագիտական տեղեկատվության փոխանակումը, եթե այն ստացվել է այլ ուղիներով և կապ չունի հետախուզական կառույցների հետ, ինչպես նաև ռազմական տվյալների փոխանցումը, որոնք չեն առնչվում բանակցություններին․ օրինակ՝ այն մանրամասները, որոնք ԱՄՆ-ն շարունակում է տրամադրել ուկրաինական բանակին պաշտպանական գործողություններին աջակցելու համար։