Միջազգային

Նեթանյահուն ժամանել է Գազա՝ քաղաքի գրավման ծրագրի հաստատման նպատակով

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ժամանել է Գազայի հատված՝ հաստատելու Իսրայելի Պաշտպանության բանակի՝ Գազա քաղաքը գրավելու պլանները։ Նա նաև հայտարարել է, որ հրահանգել է վերսկսել բոլոր պատանդների ազատման բանակցությունները։ Վարչապետի գրասենյակը հրապարակել է տեսաուղերձ, որը Նեթանյահուն ձայնագրել է Պաղեստինում։

«Ես ժամանել եմ, որպեսզի հաստատեմ Իսրայելի Պաշտպանության բանակի պլանները՝ Գազա քաղաքի գրավման և ՀԱՄԱՍ-ի ոչնչացման ուղղությամբ։ Միևնույն ժամանակ, ես հրահանգել եմ անհապաղ սկսել բանակցություններ բոլոր պատանդների ազատման և պատերազմը դադարեցնելու շուրջ՝ պայմաններով, որոնք ընդունելի են Իսրայելի համար»,- ասել է Նեթանյահուն։

Նա հավելել է, որ Իսրայելը գտնվում է որոշումների ընդունման փուլում։ Վարչապետի խոսքով՝ «այս երկու խնդիրները՝ ՀԱՄԱՍ-ի ոչնչացումը և բոլոր պատանդների ազատումը, իրար հետ համատեղ քայլեր են»։

Օգոստոսի 8-ին Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը հավանություն էր տվել Նեթանյահուի առաջարկած պլանին՝ Գազայի հատվածի ամբողջ տարածքը վերահսկողության տակ վերցնելու վերաբերյալ։