Իսրայելի կառավարությունը հաստատել է Գազա քաղաքի գրավման և օկուպացիայի ծրագիրը, որը, վարչապետ Բենիամին Նեթանյահուի խոսքով, համարվում է ՀԱՄԱՍ-ի վերջին խոշոր հենակետերից մեկը։ Գործողությանը մասնակցելու համար զինված ուժերը պատրաստվում են 60 հազար պահեստազորայինի զորահավաք անել և երկարաձգել ևս 20 հազար զինծառայողի ծառայությունը։
Գործողության մեկնարկը առաջացրել է մտահոգություններ ինչպես Իսրայելում, այնպես էլ միջազգային հարթակներում՝ կապված Գազայի հումանիտար ճգնաժամի սրման և պատանդների կյանքի վտանգի հետ։
Իսրայելի բանակի խոսնակ Էֆի Դեֆրինը հայտարարել է, որ զորքերը արդեն հասել են Գազա քաղաքի մերձակայք։ Սկզբում ծրագիրը նախատեսված է եղել 5 ամիս, սակայն Նեթանյահուն հրահանգել է կրճատել ժամկետը։
Միևնույն ժամանակ, բանակում նկատվում է հոգնածություն և մոտիվացիայի անկում․ հարցումների համաձայն՝ զորքի մոտ 40%-ն այժմ պակաս պատրաստակամ են։ Բազմաթիվ պահեստազորայիններ դժկամություն են ցուցաբերում կրկին վերադառնալ Գազա, իսկ որոշ նախկին հրամանատարներ գործողությունը անվանում են «անիմաստ»։
Գազայում իրավիճակը մնում է աղետալի․ ՄԱԿ-ի տվյալներով՝ յուրաքանչյուր երրորդ երեխան տառապում է թերսնուցումից, իսկ հումանիտար կազմակերպությունները խոսում են «կանխարգելելի սովի» մասին։