ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբբարդը հայտարարել է, որ ազգային անվտանգության ոլորտի 37 գործող և նախկին պաշտոնյաներ զրկվել են գաղտնի տեղեկատվության հասանելիության իրավունքից։
Գաբբարդի հրապարակած փաստաթղթում, որը տեղադրվել է նրա X-ի էջում, նշված անձինք մեղադրվում են «հետախուզական տվյալների քաղաքականացման, կեղծման, առանց թույլտվության գաղտնի տեղեկությունների արտահոսքի և/կամ մասնագիտական էթիկայի չափանիշների դիտավորյալ խախտումների» մեջ։
Հիշեցնենք, որ դեռ մարտին Դոնալդ Թրամփը հրամանագրով զրկել էր գաղտնի տեղեկատվությանը հասանելիությունից Ջո Բայդենին, Կամալա Հարիսին, մի շարք այլ դեմոկրատների և իր քննադատներին։ Այդ որոշման ազդեցության տակ մնացել էին նաև նախկին պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, Կոնգրեսի նախկին անդամներ Լիզ Չեյնին ու Ադամ Քինզինգերը, Նյու Յորքի գլխավոր դատախազ Լետիցիա Ջեյմսը, ինչպես նաև Բայդենի ընտանիքի անդամները։