Միջազգային

Իսրայելը չի համաձայնվում ՀԱՄԱՍ-ի հետ հաշտության. BBC

Իսրայելը պահանջում է, որ ՀԱՄԱՍ-ը ազատ արձակի իր ձեռքում գտնվող բոլոր պատանդներին։ Այս մասին BBC-ին հայտնել է կառավարության խոսնակ Դավիդ Մենսերը՝ այն բանից հետո, երբ պաղեստինյան խմբավորումը համաձայնել էր Կատարի և Եգիպտոսի միջնորդությամբ ներկայացված առաջարկին՝ 60-օրյա հաշտություն հաստատելու և պատանդների կեսին ազատ արձակելու վերաբերյալ։

Կատարցի դիվանագետների փոխանցմամբ՝ այս առաջարկը «գրեթե նույնական» է եղել ԱՄՆ-ի նախագծին, որը ավելի վաղ ընդունել էր Իսրայելը։

Հունիսին ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը ներկայացրել էր համաձայնության տարբերակ, որի համաձայն նախատեսվում էր 60-օրյա հաշտություն։ Առաջին և յոթերորդ օրերին ՀԱՄԱՍ-ը պետք է ազատ արձակեր 10 կենդանի պատանդի և հանձներ 18 զոհվածի մարմին։ Ի պատասխան՝ Իսրայելը պարտավորվում էր ազատ արձակել ցմահ ազատազրկման դատապարտված 125 պաղեստինցու, Գազայի հատվածում ձերբակալված 1111 անձի և հանձնել 180 զոհված պաղեստինցու մարմին։

Այդ ժամանակ Իսրայելը համաձայնել էր առաջարկին, սակայն ՀԱՄԱՍ-ը մերժել էր այն՝ պատճառաբանելով, որ պայմանավորվածությունը չէր երաշխավորում ժամանակավոր հաշտության վերածումը մշտական խաղաղության։

Նոր առաջարկը Իսրայելը պաշտոնապես չի մերժել, սակայն Մենսերի խոսքով՝ «մասնակի գործարքները» կառավարության համար այլևս հետաքրքրություն չեն ներկայացնում։

«Այժմ ամեն ինչ փոխվել է։ Վարչապետը ներկայացրել է Գազայի ապագայի ծրագիրը»,- նշել է Մենսերը։