BBC-ն հոդված է հրապարակել՝ «Քանի՞ պատերազմ է իրականում դադարեցրել նախագահ Թրամփը» վերնագրով։
«Փորձելով վերջ տալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմին՝ Դոնալդ Թրամփն ընդգծում է իր հաջողությունները խաղաղ բանակցություններում, որոնք, նրա խոսքով, ձեռք են բերվել իր երկրորդ նախագահական ժամկետի սկզբից։
Երկուշաբթի օրը Սպիտակ տանը եվրոպական առաջնորդների հետ հանդիպման ժամանակ Թրամփը հայտարարեց. «Ես վերջ տվեցի վեց պատերազմի… այդ բոլոր գործարքները ես կնքեցի՝ առանց նույնիսկ «հաշտություն» բառը հիշատակելու»:
Հաջորդ օրը նա նշեց, որ այդ թիվը հասել է «յոթ պատերազմի»։
Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ Խաղաղության Նոբելյան մրցանակը «վաղուց ժամանակն է» «խաղաղության գլխավոր միջնորդի» համար և թվարկել է այն «պատերազմները», որոնք նա, ենթադրաբար, դադարեցրել է։
Որոշները տևել են ընդամենը մի քանի օր, թեև դրանք երկարամյա լարվածությունների արդյունք էին, և պարզ չէ՝ արդյոք խաղաղության գործարքներից մի քանիսը կդիմանան ժամանակի փորձությանը։
Թրամփը նաև մի քանի անգամ օգտագործել է «հաշտություն» բառը՝ խոսելով դրանց մասին իր Truth Social հարթակում։
BBC Verify-ն ավելի մանրամասն ուսումնասիրել է այդ հակամարտությունները և Թրամփի վաստակը դրանց դադարեցման գործում։
Իսրայել և Իրան
12-օրյա հակամարտությունը սկսվեց, երբ Իսրայելը հարվածներ հասցրեց Իրանի տարածքում գտնվող թիրախներին՝ հունիսի 13-ին։ Թրամփը հաստատեց, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն տեղեկացրել էր իրեն հարվածների մասին։
ԱՄՆ-ն հարվածներ հասցրեց Իրանի միջուկային օբյեկտներին, ինչը լայնորեն դիտվեց որպես հակամարտության արագ ավարտի խթան։
Հունիսի 23-ին Թրամփը գրառում կատարեց. «Պաշտոնապես՝ Իրանը կսկսի ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆԸ, և 12-րդ ժամին Իսրայելը կսկսի ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆԸ, իսկ 24-րդ ժամին 12-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՎԱՐՏԸ կողջունվի աշխարհի կողմից»:
Հակամարտության ավարտից հետո Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին պնդեց, որ իր երկիրը «վճռական հաղթանակ» է տարել՝ առանց հիշատակելու հաշտությունը։
Իսրայելը հետագայում ակնարկեց, որ կարող է կրկին հարվածներ հասցնել Իրանին՝ նոր սպառնալիքներին դիմակայելու համար։
«Չկա համաձայնություն մշտական խաղաղության կամ Իրանի միջուկային ծրագրի վերահսկման վերաբերյալ»,- նշում է Բրուքինգսի ինստիտուտի ավագ գիտաշխատող Մայքլ Օ’Հանլոնը։
«Այսպիսով, մենք ունենք ավելի շուտ փաստացի հաշտություն, քան պատերազմի ավարտ, բայց ես որոշակի վաստակ կտայի Թրամփին, քանի որ Իսրայելի՝ ԱՄՆ աջակցությամբ Իրանի թուլացումը ռազմավարական նշանակություն է ունեցել»։

Պակիստան և Հնդկաստան
Այս երկու միջուկային տերությունների միջև լարվածությունը տևում է տարիներ, սակայն մայիսին հակամարտություն բռնկվեց Հնդկաստանի վերահսկողության տակ գտնվող Քաշմիրում տեղի ունեցած հարձակումից հետո։
Չորս օր տևած հարվածներից հետո Թրամփը գրառում կատարեց, որ Հնդկաստանն ու Պակիստանը համաձայնել են «ԼԻԱԿԱՏԱՐ ԵՎ ԱՆՀԱՊԱՂ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ»։
Նա նշեց, որ դա «ԱՄՆ միջնորդությամբ երկար գիշերային բանակցությունների» արդյունք էր։
Պակիստանը շնորհակալություն հայտնեց Թրամփին և հետագայում առաջարկեց նրան Խաղաղության Նոբելյան մրցանակի համար՝ նշելով նրա «վճռական դիվանագիտական միջամտությունը»։
Հնդկաստանը, սակայն, նվազեցրեց ԱՄՆ ներգրավվածության մասին խոսակցությունները. «Ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ բանակցությունները տեղի են ունեցել անմիջապես Հնդկաստանի և Պակիստանի միջև՝ երկու բանակների միջև գոյություն ունեցող կապուղիներով», – ասաց Հնդկաստանի արտաքին գործերի քարտուղար Վիկրամ Միսրին։
Ռուանդա և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն
Այս երկու երկրների միջև երկարամյա թշնամանքը բռնկվեց այն բանից հետո, երբ M23 ապստամբ խմբավորումն այս տարվա սկզբին գրավեց Կոնգոյի արևելքում հանքային ռեսուրսներով հարուստ տարածքներ։
Հունիսին երկու երկրները Վաշինգտոնում ստորագրեցին խաղաղության համաձայնագիր՝ ուղղված տասնամյակների հակամարտության ավարտին։ Թրամփն ասաց, որ դա կօգնի խթանել առևտուրը նրանց և ԱՄՆ-ի միջև։
Համաձայնագրի տեքստում կոչ էր արվում «հարգել» Ռուանդայի և Կոնգոյի միջև 2024 թվականի օգոստոսին համաձայնեցված հաշտությունը։
Համաձայնագրից հետո երկու կողմերը միմյանց մեղադրել են հաշտությունը խախտելու մեջ, իսկ M23 ապստամբները, որոնք Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն կապում են Ռուանդայի հետ, սպառնացել են դուրս գալ խաղաղ բանակցություններից։
«Կոնգոյի և Ռուանդայի միջև դեռևս մարտեր են ընթանում, այնպես որ այդ հաշտությունն իրականում երբեք չի պահպանվել», – ասում է Օքսֆորդի համալսարանում դասավանդած պատմության պրոֆեսոր Մարգարեթ ՄակՄիլանը։

Թայլանդ և Կամբոջա
Հուլիսի 26-ին Թրամփը Truth Social-ում գրառում կատարեց՝ ասելով. «Ես հենց հիմա զանգում եմ Թայլանդի ժամանակավոր վարչապետին՝ խնդրելու հաշտություն և այժմ ընթացող պատերազմի ավարտ»։
Մի քանի օր անց երկու երկրները սահմանին մեկ շաբաթից էլ քիչ տևած մարտերից հետո համաձայնեցին «անմիջական և անվերապահ հաշտության»։
Խաղաղ բանակցություններն անցկացրեց Մալայզիան, սակայն Թրամփը սպառնացել էր դադարեցնել ԱՄՆ մաքսատուրքերի (ներմուծման հարկերի) նվազեցման վերաբերյալ առանձին բանակցությունները, եթե Թայլանդն ու Կամբոջան չդադարեցնեին մարտերը։
Երկու երկրներն էլ մեծապես կախված են ԱՄՆ արտահանումից։
Օգոստոսի 7-ին Թայլանդն ու Կամբոջան համաձայնագիր կնքեցին՝ ուղղված նրանց ընդհանուր սահմանին լարվածության նվազեցմանը։
Հայաստան և Ադրբեջան
Երկու երկրների առաջնորդները հայտարարեցին, որ Թրամփը պետք է արժանանա Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ խաղաղության գործարք ապահովելու իր ջանքերի համար, որը հայտարարվեց Սպիտակ տանը օգոստոսի 8-ին։
«Կարծում եմ՝ նա այստեղ արժանի է գնահատանքի. Օվալաձև գրասենյակում կայացած ստորագրության արարողությունը կարող է կողմերին խթանել դեպի խաղաղություն», – ասում է Օ’Հանլոնը։
Մարտին երկու կառավարությունները հայտարարել էին, որ պատրաստ են վերջ տալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ գրեթե 40-ամյա հակամարտությանը։
Վերջին լուրջ մարտերը բռնկվել էին 2023 թվականի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը գրավեց անկլավը (որտեղ բնակվում էին բազմաթիվ էթնիկ հայեր)։

Եգիպտոս և Եթովպիա
Այստեղ Թրամփի կողմից դադարեցնելու համար «պատերազմ» չի եղել, սակայն Նեղոս գետի վրա կառուցված ամբարտակի շուրջ երկար ժամանակ լարվածություն է եղել։
Եթովպիայի Մեծ վերածննդի ամբարտակը (GERD) ավարտվեց այս ամառ, և Եգիպտոսը պնդում էր, որ դա կարող է ազդել Նեղոսից ստացվող ջրի ծավալի վրա։
12 տարվա տարաձայնություններից հետո Եգիպտոսի արտաքին գործերի նախարարը հունիսի 29-ին հայտարարեց, որ Եթովպիայի հետ բանակցությունները փակուղի են մտել։
Թրամփն ասաց. «Եթե ես լինեի Եգիպտոսը, ես կցանկանայի Նեղոսի ջուրը»: Նա խոստացավ, որ ԱՄՆ-ն շատ արագ կլուծի խնդիրը։
Եգիպտոսը ողջունեց Թրամփի խոսքերը, սակայն եթովպիացի պաշտոնյաներն ասացին, որ դրանք կարող են սրել լարվածությունը։
Եգիպտոսի և Եթովպիայի միջև տարաձայնությունները լուծելու համար պաշտոնական համաձայնագիր չի կնքվել։
Սերբիա և Կոսովո
Հունիսի 27-ին Թրամփը պնդեց, որ կանխել է նրանց միջև թշնամանքի բռնկումը՝ ասելով. «Սերբիան և Կոսովոն պատրաստվում էին բախվել, դա մեծ պատերազմ էր լինելու։ Ես ասացի՝ եթե բախվեք, ԱՄՆ-ի հետ առևտուր չի լինի։ Նրանք ասացին՝ լավ, գուցե չբախվենք»:
Երկու երկրները վաղուց վեճի մեջ են՝ 1990-ականների Բալկանյան պատերազմների ժառանգություն, և վերջին տարիներին լարվածությունը մեծացել է։
«Սերբիան և Կոսովոն միմյանց վրա չեն կրակել կամ չեն մարտնչել, այնպես որ սա դադարեցնելու պատերազմ չէ», – ասաց պրոֆեսոր ՄակՄիլանը։
Սպիտակ տունը մեզ ուղղորդեց դեպի Թրամփի դիվանագիտական ջանքերը նրա առաջին պաշտոնավարման ընթացքում։
Երկու երկրները 2020 թվականին Օվալաձև գրասենյակում Թրամփի ներկայությամբ ստորագրեցին տնտեսական կարգավորման համաձայնագրեր, սակայն այդ ժամանակ նրանք պատերազմի մեջ չէին։
Պատրաստեց՝ Ա.Գալոյանը