ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մի շարք կարևոր հայտարարություններ է արել ուկրաինական ճգնաժամի կարգավորման մասին։ ԱՄՆ առաջնորդը անդրադարձել է նաև Պուտին-Զելենսկի հանդիպմանը և դրան իր մասնակցությանը։
«Չեմ պլանավորում մասնակցել Պուտինի և Զելենսկու առաջին հանդիպմանը. այն տեղի կունենա երկկողմ ձևաչափով»,- ասել է նա։
Թրամփը նաև վստահեցրել է, որ քանի դեռ ինքը նախագահ է, Ուկրաինայում ամերիկյան զորքեր չեն լինի, ինչպես նաև անհնար է, որ Ղրիմը վերադառնա Ուկրաինային, և Կիևը միանա ՆԱՏՕ-ին։
«Նրանք չեն լինի ՆԱՏՕ-ի մաս, բայց կան եվրոպական երկրներ՝ Ֆրանսիան, Գերմանիան, Բրիտանիան, որ ցանկանում են զորքեր ունենալ տեղում։ Չեմ կարծում, որ դա խնդիր կլինի»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը․
Թրամփը նաև կարծիք է հայտնել, որ Ուկրաինան բուֆեր է եղել Ռուսաստանի և Եվրոպայի միջև։ Ամեն ինչ իր հունով է գնացել այնքան ժամանակ մինչև իշխանության է եկել Բայդենը։ Նախագահը կրկին քննադատել է Բայդենին՝ նրա քայլերը «հիմարություն» որակելով։
Ըստ Թրամփի՝ Ուկրաինան նաև շատ հողեր կստանա․
«Գիտեք, բոլորը կարող են խաբել այս կամ այն կերպ։ Բայց, վերջ ի վերջո, Ուկրաինան կվերադարձնի իր կյանքը։ Նրանք կդադարեն մարդկանց կորցնելուց։ Եվ նրանք շատ հողեր կստանան։ Բայց սա պատերազմ է, և Ռուսաստանը հզոր ռազմական տերություն է, անկախ նրանից՝ ինչ-որ մեկին դուր է գալիս դա, թե ոչ։ Այն մեծ տերություն է, շատ ավելի մեծ։ Սա այն պատերազմը չէ, որ պետք է սկսվեր։ Այդպես չի արվում։ Դուք չեք կարող դեմ գնալ մի երկրի, որը 10 անգամ մեծ է ձեզնից։ Հիմա նրանք խոսում են Դոնբասի մասին, բայց Դոնբասը, ինչպես գիտեք, 79%-ով վերահսկվում է Ռուսաստանի կողմից։ Նրանք դա հասկանում են», - հավելել է ԱՄՆ նախագահը։