Միջազգային

Ուկրաինան 100 մլրդ դոլարի ամերիկյան զենք կգնի եվրոպական երաշխավորությամբ

Ուկրաինան կպարտավորվի Եվրոպայի կողմից տրամադրված գումարով 100 միլիարդ դոլարի ամերիկյան զենք գնել, եթե Միացյալ Նահանգները Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրի Ռուսաստանի հետ հրադադարի համաձայնությունից հետո: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս առաջարկն արել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ օգոստոսի 18-ին Վաշինգտոնում նրա և եվրոպացի առաջնորդների հետ հանդիպման ժամանակ, գրում է Financial Times-ը՝ հղում անելով մի փաստաթղթի, որը հրատարակությունը կարողացել է ուսումնասիրել:

Բացի այդ, առաջարկը ենթադրում է 50 միլիարդ դոլարի գործարք Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև՝ ուկրաինական ընկերությունների հետ անօդաչու թռչող սարքեր արտադրելու վերաբերյալ: Սակայն փաստաթղթում չի նշվում, թե անօդաչու թռչող սարքերի գործարքի որ մասը կլինի գնում, իսկ որ մասը՝ ներդրումներ:

FT-ի կողմից ուսումնասիրված փաստաթղթում չի նշվում, թե ինչ զենք է Ուկրաինան նախատեսում պատվիրել Միացյալ Նահանգներից առաջարկվող գործարքի շրջանակներում: Սակայն Կիևը հստակեցրել է, որ մտադիր է գնել առնվազն 10 Patriot հակաօդային պաշտպանության համակարգ, ինչպես նաև այլ հրթիռներ և սարքավորումներ, նշվում է հոդվածում: