Միջազգային

Ամերիկացիները գալիս են ընկերության անվան տակ, իսկ հետո այլ բան են փնտրում. Փեզեշքյան

Ամերիկացիները գալիս են ընկերության անվան տակ, իսկ հետո այլ բան են փնտրում. Փեզեշքյան

Իրանական SNN հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանում, Հայաստան և Բելառուս մեկնելուց առաջ, մի քանի կարևոր հայտարարություն է արել։

«Այս ուղևորությունը համապատասխանում է հարևան երկրների հետ մեզ համար առաջնահերթ ուղևորություններին։  Բնականաբար, ելնելով ընդհանուր քաղաքականությունից և գերագույն առաջնորդի կարծիքից, մեր հարևանները հարաբերությունների հաստատման և զարգացման համար առաջնահերթություն են»,- ասել է նա։

Իրանի նախագահն ընդգծել է, որ երկիրը վաղեմի և ռազմավարական հարաբերություններ ունի  հարևան և բարեկամ Հայաստանի հետ. «Միշտ փորձել ենք լավ հարաբերություններ պահպանել միմյանց հետ սոցիալական, քաղաքական, տնտեսական և մշակութային հարցերում: Հաստատվել և ստեղծվել են անհրաժեշտ պայմանները՝ Իրանի և Հայաստանի միջև հնարավորինս շատ կոմունիկացիաներ հաստատելու համար: Հետևաբար, այս այցի ընթացքում կքննարկենք մեր համաձայնագրերն ու հարաբերությունները, այդ թվում՝ հաղորդակցության և մշակութային ուղիները, որոնք կարող են լուծում լինել՝ ամրապնդելու համար, մասնավորապես, Հյուսիս-Հարավ միջանցքը»,- հայտարարել է Իրանի նախագահը։

Նա խոսել է նաև Արևելք-Արևմուտք կոմունիկացիոն ուղու մասին և այն հարմար հարթակ համարել Արևելք-Արևմուտք առևտրի ապահովման և հարաբերությունների զարգացման համար․ «Մենք ձգտում ենք ընդլայնել այն»,- ասել է Փեզեշքյանը։

Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքումից հետո Հայաստանում ամերիկյան ընկերությունների ներկայության հետ կապված մտահոգությունների մասին՝ Փեզեշքյանն ասել է. «Բնականաբար, անհանգստություն  և մտահոգություն կա տարածաշրջանում ամերիկյան ընկերությունների ներկայության վերաբերյալ, որոնք գալիս են ընկերության անվան տակ, իսկ հետո՝ այլ բան փնտրում։ Մինչ այժմ փորձը ցույց է տվել, որ նրանք մտնում են այս ճանապարհով, և մենք քննարկումներ կունենանք հայ պաշտոնյաների հետ այս մտահոգությունների և անհանգստությունների շուրջ»։

Ըստ Իրանի նախագահի՝ այսօր Երևանում նախատեսվում է ստորագրել շինարարության, հանքարդյունաբերության, արվեստի, սոցիալական և զբոսաշրջության ոլորտներում շատ լավ փաստաթղթեր։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական