Միջազգային

Թել Ավիվում շուրջ 500 հազար մարդ է դուրս եկել փողոց՝ պահանջելով համաձայնագիր կնքել

Թել Ավիվում օգոստոսի 17-ի երեկոյան մոտ 500 հազար մարդ դուրս է եկել հանրահավաքի՝ պահանջելով իշխանություններից ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիր կնքել պատանդներին ազատ արձակելու մասին: Այս մասին հայտնում է թե The Times of Israel պարբերականը:

Նշվում է, որ ակցիան կազմակերպել են պատանդների ընտանիքների անդամները, որոնց մինչ օրս պահում են Գազայում: Բողոքի ակցիային մասնակցել են մարդիկ ամբողջ երկրից։

Գլխավոր հանրահավաքը տեղի է ունեցել Պատանդների հրապարակում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ այնտեղ կա 150 հազար մարդ, իսկ ավելի ուշ նրանց միացել են ևս 70-100 հազար մարդ, որոնք պատանդների ընտանիքների անդամների հետ միասին երթով անցել են Սավիդորի երկաթուղային կայարանից։

Հանրահավաքը տեղի է ունեցել կիրակի օրը, երբ Իսրայելում հայտարարվել է համազգային գործադուլ՝ կառավարության կողմից Գազայում պատերազմը ընդլայնելու որոշման դեմ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ներկայացրել էր հինգ հիմնական սկզբունքներից բաղկացած ծրագիր, որը պետք է հանգեցնի Գազայի հատվածում պատերազմի ավարտին և երաշխավորի երկրի անվտանգությունը։