Միջազգային

Աշխարհաքաղաքական մտահոգությունները ժամանակավորապես լուծված են. Արաղչի

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին «Դիվանագիտության սեղան» ծրագրում  անդրադարձել է տարածաշրջանային վերջին զարգացումներին։

Նա նշել է, որ Նախիջևանի և Ադրբեջանի մայրցամաքային մասի միջև կապի հարցը վերջին տարիներին ռազմավարական և զգայուն խնդիր է առաջացրել:

«Սա մեծ մտահոգություններ է առաջացրել ինչպես մեր, այնպես էլ՝ տարածաշրջանի մյուս երկրների համար, աշխարհաքաղաքական փոփոխությունների հավանականության պատճառով»,- ասել է նա։

Ըստ Արաղչիի՝ հիմնական մտահոգությունն այն է, որ այս խնդրի պատճառով տարածաշրջանում տեղի ունենան աշխարհաքաղաքական փոփոխություններ․ «Ի՞նչ նկատի ունենք աշխարհաքաղաքական փոփոխություններ ասելով: Միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխություն, սահմանների տեղաշարժ, տարածաշրջանի երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում, օրինակ, Հայաստանի տարածքի մի մասի օգտագործում, որը կարող է հանգեցնել օկուպացիայի, սահմանների փոփոխության կամ ինքնիշխանության թուլացման: 

Մենք նախօրոք պարզ հայտարարել ենք, որ նման բան չենք հանդուրժի, և մեր քաղաքականությունը միշտ եղել է հստակ: Մենք գործողություններ ենք ձեռնարկել՝ ցույց տալու մեր վճռականությունը: Ներկայումս մեր դիրքորոշումը նույնն է՝ մենք չենք ընդունում տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունները»:

Արաղչին ասել է, որ  Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվել է հայտարարություն, որտեղ հստակ նշվում է, որ երկու կողմերն ընդունում են տարածաշրջանի սահմանների անփոփոխելիությունը. «Այս առումով, ներկայումս մեր աշխարհաքաղաքական մտահոգությունները ժամանակավորապես, կարծես, լուծված են: Սակայն, թե որքանով կպահպանվեն այդ պարտավորությունները, կամ ինչպիսին կլինեն հետագա զարգացումները, մենք, անշուշտ, կհետևենք դրանց»: 

Արաղչիի խոսքով՝ տնտեսական առումով այս ճանապարհը կարող է որոշակի վնասներ պատճառել Իրանին, քանի որ այն կարող է նվազեցնել այդ երկրի տարածքով անցնող տրանզիտային ճանապարհի կարևորությունը. «Սակայն դա կախված է մեզանից՝ ինչպես բարձրացնենք այդ ճանապարհի գրավչությունը, որպեսզի ավելի մեծ տրանսպորտային հոսքեր անցնեն դրա միջով»:

«Բայց մենք չենք կարող արգելել որևէ երկրի՝ իր տարածքում ճանապարհ կառուցել, քանի դեռ այդ ճանապարհը գտնվում է Հայաստանի լիակատար ինքնիշխանության և օրենսդրության ներքո: Միջազգային իրավունքի տեսանկյունից մենք չենք կարող առարկություններ ներկայացնել»,- ասել է նա: