Միջազգային

Ադրբեջանի և Հայաստանի համաձայնագիրը հնարավորություն է տարածաշրջանի համար. Զարիֆ

Իրանի նախկին ԱԳ նախարար, վերջերս երկրի ռազմավարական հարցերով փոխնախագահի պաշտոնից հրաժարված Մոհամմադ Ջավադ Զարիֆը հոդված է հրապարակել հեղինակավոր Foreign Policy պարբերականում, որտեղ անդրադարձել է Հարավային Կովկասին՝ ընդգծելով, որ Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունը պետք է ընկալել որպես հնարավորություն, ոչ թե՝ սպառնալիք։

Զարիֆի խոսքով՝ այս նոր զարգացումը կարող է վերսկսել 2019թ․ առաջարկված ռեգիոնալ համագործակցության նախագիծը, որի շրջանակում պետք է գործակցեն Իրանը, Ռուսաստանը, Թուրքիան, ինչպես նաև Հարավային Կովկասի 3 երկրները։

«Հնարավորությունների այս պարադիգմի պրիզմայով Իրանը և, նույնիսկ, Ռուսաստանն ու Թուրքիան կարող են Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջերս կնքված համաձայնագիրը դիտարկել ոչ թե որպես սպառնալիք, այլ որպես հնարավորություն՝ Կովկասում Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի, ինչպես նաև՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև նախկինում առաջարկված տարանցիկ համագործակցությունը վերակենդանացնելու հնարավորություն»,- գրել է նա։

Նա հավելել է, որ նման համագործակցությունը ոչ միայն կխթանի տրանսպորտային ու էներգետիկ կապերը, այլև կստեղծի ներդրումային եզակի հնարավորություններ միջազգային մասնավոր հատվածի համար։