Միջազգային

Սպիտակ տանը հանդիպել են Թրամփն ու Զելենսկին․ ի՞նչ հարցեր են քննարկվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու միջև Սպիտակ տանը տեղի է ունեցել հանդիպում։ 

Թրամփը շեշտել է, որ իր համար պատիվ է հյուրընկալել ուկրաինացի առաջնորդին և նշել, որ Եվրոպան կլինի Ուկրաինայի պաշտպանության առաջին գիծը՝ Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ 

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը կավարտվի, չնայած ճշգրիտ ժամկետները դեռևս անհայտ են։ Նա ընդգծել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հետաքրքրված է պատերազմի ավարտով՝ հավելելով, որ երկու կողմերն էլ զգալի կորուստներ են կրել։ Թրամփը նաև դեմ է արտահայտվել ժամանակավոր զինադադարներին՝ փոխարենն առաջարկելով հակամարտությունը սառեցնելու համապարփակ համաձայնագիր՝ խաղաղության ձգտելու համար, քանի դեռ շարունակվում են ռազմական գործողությունները։

Զելենսկին հաստատել է խաղաղության հաստատումից հետո ընտրություններ անցկացնելու իր պատրաստակամությունը։

«Մենք պատրաստ ենք ընտրությունների, բայց մեզ անվտանգություն է պետք, մեզ ազնիվ ընտրություններ են պետք։ Հիմա, երբ պատերազմ է, չենք կարող այն անցկացնել»,- ասել է նա։

Թրամփն ընդգծել է, որ նպատակը երկարաժամկետ խաղաղությունն է, այլ ոչ թե կարճաժամկետ լուծումները.

ԱՄՆ նախագահը հաստատել է ԱՄՆ-ի մասնակցության հնարավորությունն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին և ասել, որ ամերիկյան զորքերի տեղակայման վերաբերյալ կոնկրետ որոշումը կհայտարարվի ավելի ուշ՝ եվրոպացի առաջնորդների հետ հանդիպման արդյունքները գնահատելուց հետո։

Թրամփը նաև ընդգծել է ՆԱՏՕ-ի դերը Ուկրաինայի պաշտպանության գործում․ «Եթե երկար ժամանակ հետ գնանք, միշտ էլ այդպես է եղել, որ նրանք երբեք թույլ չեն տա Ուկրաինային միանալ ՆԱՏՕ-ին: ՆԱՏՕ-ն ցանկանում է պաշտպանել Ուկրաինան: Մենք կօգնենք նրանց այս հարցում»։

Թրամփը հայտնել է նաև, որ Զելենսկու և եվրոպական առաջնորդների հետ հանդիպումից հետո հեռախոսազրույց է ունենալու Պուտինի հետ։ 

«Եթե այսօր ամեն ինչ լավ ընթանա, մենք կունենանք եռակողմ հանդիպում, և կարծում եմ, պատերազմն ավարտելու ողջամիտ հնարավորություն կընձեռնվի»,- հավելել է նա։